Հայերը տնտեսական խնդիրների պատճառով լքում են Իրանը, երիտասարդներն էլ չեն համակերպվում չադրայի հետ. «Ալիք» օրաթերթի խմբագիր


12:50 , 13 մարտ, 2018
Tert.am-ը գրում է.
Պանթյուրքիզմի պրոպագանդան հակաիրանական է, և պետությունը, պարսկական դիվանագիտությանը բնորոշ, շատ զուսպ ու լռակյաց, լուծում է խնդիրները: Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ էլ Իրանը արտաքուստ չեզոք քաղաքականություն է վարում: Tert.am-ի հետ զրույցում ասաց Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Դերենիկ Մելիքյանը: Ըստ նրա՝ Հայոց ցեղասպանության ու Լեռնային Ղարաբաղի հարցում Իրանի դիրքորոշումը համահունչ է Հայաստանի ցանկություններին, բայց արտաքուստ չեզոք դիրքորոշում են հայտնում, որ չբորբոքեն 30 միլիոնանոց թրքախոս զանգվածի կրքերը: Այս քաղաքականության շնորհիվ էլ, նրա խոսքով, Իրանում անջատողականություն չկա:

- Իրանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո, երբ հակակառավարական բողոքի ցույցեր անցկացվեցին, ինչպիսի՞ քաղաքականություն են վարում տեղի լրատվամիջոցները, մասնավորապես՝ «Ալիքը»:
Արդյոք կա՞ն աշխատաոճի փոփոխություններ:

- Մենք թևակոխել ենք «Ալիքի» 87-րդ տարին: Առանց դադարի 87 տարի է, ինչ աշխատում ենք: Իրանի հայ համայնքում, գիտեք, որ «Ալիքը» միակ օրաթերթն է: Մենք պետական օրաթերթ ենք, ոչ իշխանական, որովհետև իշխանությունները կարող են փոխվել: Վերջին 40 տարում՝ իսլամական հեղափոխությունից հետո, ճաշակել ենք տարբեր տեսակի իշխանություններ: Առնչվել ենք աջ, ձախ, կենտրոն, բարեկարգչական, արմատական, պահպանողական կառավարությունների հետ: Բոլոր փուլերում մենք աշխատել ենք բալանսավորված, կարողացել ենք լինել հավասարակշռված: 
Վերջին իրադարձություններից հետո ժողովրդի մեծամասնության քվեով ընտրված իշխանությունները ունեցան տնտեսական դժվարություններ: Գործազրկության, աղքատության տոկոսային աճը ստիպեց հանրությանը դուրս գալ փողոց: Սոցիալական պայմանների խեղդող հանգամանքները բնակչությանը դուրս հանեցին: Դա եղավ ինքնաբուխ: Չկային կուսակցություններ, լրատվամիջոցներ, որոնք առաջնորդում էին մարդկանց: Մարդիկ ինքնաբուխ դուրս եկան: Անախորժություններ եղան երկու կողմից էլ, ձերբակալություններ եղան, ծեծ ու ջարդ: Հարյուրավոր բանտարկյալները շուտով ազատ արձակվեցին: Նրանց մեծ մասը ուսանողներ էին: Մեկ հայ ուսանող ձերբակալվեց: Բայց որպես հայ նրան շատ արագ, 10 օրում ազատեցին: Նրա նկատմամբ որևէ խտրական վերաբերմունք չցուցաբերվեց:
Դժգոհությունը՝ սոցիալական վիճակն էր, աշխատատեղերի բացակայությունը, գործազրկությունը, որոնց պատճառով մարդիկ ծանր բեռի տակ են: Բարեբախտաբար, իշխանությունները հայտարարեցին, որ ուզում են բավարարել ցուցարարների պահանջները, ինչի արդյունքում խորհրդարանը զսպեց իրանական Նոր տարվան ընդառաջ տեղի ունենալիք ապրանքների, մթերքների թանկացումը: Նման քայլերով իշխանությունը մեղմեց ներքաղաքական անհանգիստ վիճակը:
- Իրանում ապրող հայերն էլ ունեն նույն տնտեսական խնդիրները, որոնք ունեն իրանցիները: Ինչո՞ւ էին հայերը պասիվ մասնակցում այդ ցույցերին:

- Այո, տնտեսական խնդիրները ուղիղ ազդում են նաև հայ համայնքի վրա: Սա համերկրային խնդիր էր, համերկրային դժգոհության ալիք էր: Մենք էլ մեր դժգոհությունները արտահայտել ենք, փորձել ենք բարձրաձայնել մեր տեսակետը Իրանի խորհրդարանում ներկայացված մեր պատգամավորների միջոցով, «Ալիքի» միջոցով: Շուրջ 6 տարի է, ինչ «Ալիքը» ունի պարսկերենով հավելված և այն հեշտացնում է մեր տեսակետի ներկայացումը տեղի իշխանություններին: Տնտեսական խնդիրների պատճառով հայերը լքում են Իրանը: Երիտասարդները ապագայի հեռանկարներ չունեն: Հիմնականում Ավստրիայով ԱՄՆ են մեկնում: Հազարավոր հայեր մեկնեցին ոչ միայն աշխատելու նպատակով, այլև որպես փախստականներ: Դ. Թրամփի քաղաքականության արդյունքում հիմա չեն կարողանում մեկնել, շատերը վիզա ստանալու են սպասում, բայց սա չի նշանակում, որ մեկնել ցանկացողներ չկան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ