«Ֆելիքսը երբեմն ասում է՝ գուցե ուրիշ անո՞ւն դնենք». Գոհարը՝ երեխայի անվան ընտրության և իր կարգավիճակի մասին


19:45 , 10 մարտ, 2018

Exclusive

Հաղորդավար, դերասան, ռեփեր Ֆելիքս Խաչատրյանի և Գոհարի առաջնեկը կծնվի մայիսին. Գոհարը հղիության յոթերորդ ամսում է: Վեց տարի միասին ապրելուց հետո զույգը որոշեց, որ հասունացել է երեխա ունենալու պահը: BlogNews.am-ը Գոհարի հետ զրուցել է ներկայիս կարգավիճակի, զգացողությունների, Ֆելիքսի վերաբերմունքի մասին:

«Մենք ցանկանում էինք երեխա ունենալ այն ժամանակ, երբ երկուսս էլ պատրաստ կլինեինք: Հիմա բավականին հաճելի կարգավիճակում եմ, ինձ շատ խաղաղ և հանգիստ եմ զգում: Չեմ աշխատում, քանի որ Ֆելիքսը չի թողնում. ուզում է՝ ավելի հանգիստ լինեմ, բայց երբեմն գնում եմ նրանց սիթքոմի նկարահանման հրապարակ և հետևում նկարահանման ընթացքին»,- պատմում է Գոհարը

Առաջնեկի համար զույգը բավականին հետաքրքիր անուն է որոշել, չնայած նման անուն դնելու միտքը Գոհարինն է. «Ուզում ենք դնել հայրիկի անունով՝ Ֆելիքս Խաչատրյան կրտսեր, չնայած դեռ ընտրությունը վերջնական չէ: Ավելի շատ ես եմ այդպես ուզում, քան Ֆելիքսը։ Նախ՝ իմ սիրելի անունն է և իմ սիրելի տղամարդու: Իհարկե, մտածում ենք նաև երկու անունով կոչել, բայց մեզ մոտ այդ տարբերակն ընդունված չէ: Շատ եմ ուզում նրան անվանակոչել Ֆելիքս Խաչատրյան-Պարույրյան կրտսեր: Ֆելիքսը երբեմն ասում է՝ գուցե ուրիշ անո՞ւն դնենք, բայց ես բալիկիս հետ խոսելիս Ֆելիքս եմ ասում և կարծում եմ՝ արդեն սովորել է այդ անվանը»:

Գոհարը և Ֆելիքսը հարսանիք չեն արել, քանի որ Գոհարը չէր ցանկանում, իսկ պատճառը մեկն էր. «Հարսանիք անելու ենք, երբ մեր երեխան մի քիչ մեծանա և ինքն էլ ներկա լինի»:  

Այն հարցին՝ փոխվել է արդյոք Ֆելիքսի վերաբերմունքը, Գոհարը պատասխանում է. «Ֆելիքսն իմ հանդեպ միշտ է ուշադիր եղել, բայց հիմա ուրախ ուշադիր է: Առանձնապես հատուկ քմահաճույքներ չունեմ, քանի որ ես միշտ սիրել եմ շատ և համեղ ուտել, պարզապես կան բաներ, որոնք միշտ շատ եմ սիրել, իսկ հիմա դուրս չեն գալիս: Օրինակ՝ կաթնամթերք ընդհանրապես չեմ կարողանում ուտել, բայց հղիներին խորհուրդ եմ տալիս ուտել»:

Զույգը դեռ բնակվում է Ֆելիքսի ընտանիքի հետ, բայց շուտով պատրաստվում է առանձնանալ. «Բալիկիս սենյակն արդեն կահավորել ենք: Ես այն անհամբեր մայրիկներից եմ, ովքեր սիրում են, երբ ամեն ինչ իր տեղում է լինում: Սենյակի պատերին էլ կպցրել ենք ՈւՁՀ-ի ժամանակ արված լուսանկարները»:

Հարցին՝ Ֆելիքսն արդեն երգ գրե՞լ է ապագա բալիկի համար, Գոհարը դժվարացավ պատասխանել. «Տեղյակ չեմ, քանի որ նա մի քանի բան գրում է այն ժամանակ, երբ ես քնած եմ, ու հիմա նրա մոտ ինչ-որ փուլ է, որ քիչ ժամանակ ունի ստեղծագործելու համար: Ավելի շատ հիմա հեռուստատեսությունում է զբաղված, բայց նոր ալբոմ է պատրաստում: Շուտով կիմանաք դրա մասին»:

Զրույցի վերջում Գոհարը բոլոր հղիներին համբերություն ցանկացավ. «Վերջին ամիսներն ամենադժվարն են, քանի որ րոպե առաջ ուզում ես տեսնել բալիկիդ»: 

            Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները` Խանդութ Պարույրյանի