Ամենից շատ գործազուրկ կանայք արաբական երկրներում են. ԱՄԿ


18:57 , 8 մարտ, 2018

Կանանց գործազրկության մակարդակը ամբողջ աշխարհում 6% է կազմում, ինչը գերազանցում է տղամարդկանց գործազրկությանը 0,8%-ով,  ասվում է Աշխատանքի միջազգային կազմակերպության զեկույցում, որ հրապարակվել է մարտի 8-ի նախաշեմին։

Ընդ որում, ըստ տարածաշրջանների՝ ցուցանիշները զգալիորեն տարբերվում են։ Օրինակ, Արևելյան Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում գործազրկության մակարդակը կանանց շրջանում ավելի ցածր է, քան տղամարդկանց շրջանում։ Մյուս կողմից՝ արաբական, հյուսիսաֆրիկյան երկրներում կանանց գործազրկությունը երկու անգամով գերազանցում է տղամարդկանց գործազրկությանը։ Այս երկրներում ընդունված վարքի նորմերը նպաստում են այն բանին, որ կանանց թույլ չտան վճարովի աշխատանք կատարել։

Եվ եթե զարգացած տնտեսությամբ երկրներում աշխատող կանանց և տղամարդկանց թիվը գրեթե նույնն է, ապա զարգացող տնտեսությամբ երկրներում տարբերությունը բավական մեծ է։

Ինչ վերաբերում է ձեռնարկատիրության ոլորտին, հետազոտության հեղինակները նշում են, որ գործատուների մեջ տղամարդկանց թիվը չորս անգամով գերազանցում է կանանց թվին։ Այս միտումը պահպանվում է նաև ղեկավար պաշտոնների դեպքում։

Նաև նշվում է, որ կանայք ավելի հաճախ, քան տղամարդիկ, համաձայնում են աշխատել առանց պայմանագիր կնքելու, առանց հաշվի առնելու աշխատանքային օրենսգիրքն ու առանց արհմիություններին անդամակցելու։