Ինքներս հարստացնում ենք օլիգարխներին ու իշխանությանը, հետո լացում ու բողոքում


12:02 , 2 մայիս, 2013

Մկները լաց էին լինում, ծակծկվում էին, սակայն շարունակում էին կակտուսներ ուտելը:
Մենք սիրում ենք բողոքել, որ Հայաստանում զարգացած է օլիգոպոլիան` անտեսելով մեր մասնակցությունը: Չե՞ք կարծում, որ օլիգարխներին պատկանող հիպերմարկետներից և բազաներից օգտվողները, գնումներ կատարողները և վաճառք ապահովվելով վերջիններիս հարստացնողները հենց մենք ենք: Մենք սիրում ենք բողոքել, որ Հայաստանում զարգացած է կաշառակերությունը, մենք «կմուծվենք» ոստիկանին, որ արձանագրություն չկազմի, բժշկին, որ բժշկի, դասախոսին, որ նշանակի, դատավորին, որ վճռի, և մեր ձեռքով կաջակցենք այդ երևույթի գոյատևմանը, գրեթե բոլոր ոլորտներում: Նույնը վերաբերում է շրջակա միջավայրի աղտոտմանը, նույնիսկ դժվար կլինի հանդիպել ավտոմեքենա, որի մոխրամանը չի օգտագործվում որպես մանրադրամի պահոց, իսկ սիգարետի մնացորդները ու՞ր են նետվում, կամ այն աղբը, որը թափված է աղբի դույլից երկու մետրի վրա, ինչի՞ մասին է վկայում: Հեռուստատեսությունից նետվող աղբին բարձր վարկանիշը (рейтинг) ապահովողն էլ ենք մենք, մուղամների և կլկլոցների հեղինակների գոյատևման ապահովողն էլ ենք մենք, բայց մենք սիրում ենք բողոքել: Մենք չենք կարդա Աստվածաշունչ, չենք լինի իրական քրիստոնյա՝ պատվիրանները պահող և կբողոքենք, որ վատ կաթողիկոս ունենք: Եվ վերջապես մենք կդաստիարակենք և կձևավորենք այսպիսի թալանչի իշխանություն, որին ունենք այսօր, և կբողոքենք, կրկին կբողոքենք: Հետո կլինեն ոմանք, որ կասեն` երկիրը երկիր չի էլի: 
Հ.Գ. Կակտուսից համեղ և անվնաս կերակուրներ էլ կան: