Այսօր լրանում է մարտիմեկյան իրադարձությունների 10-րդ տարելիցը (Photo)


09:05 , 1 մարտ, 2018

Tert.am-ը գրում է.

Այսօր լրանում է 2008-ի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների տասնամյա տարելիցը: 2008-ի այս օրը (լույս 2-ի գիշերը) Երևանի կենտրոնում գնդակահարվեցին ու հրազենային բեկորային վնասվածքներից զոհվեցին տասը ՀՀ քաղաքացիներ՝ ինչպես հանրահավաքների մասնակիցներից, այնպես էլ ոստիկանությունից: Նրանք են՝ Տիգրան Խաչատրյան, Զաքար Հովհաննիսյան, Գոռ Քլոյան, Դավիթ Պետրոսյան, Արմեն Ֆարմանյան, Սամվել Հարությունյան, Տիգրան Աբգարյան (զինծառայող), Գրիգոր Գևորգյան, Համլետ Թադևոսյան (ոստիկանության ծառայող): Շուրջ 300 մարդ մարմնական,հրազենային, բեկորային և այլ վնասվածքներով տեղափոխվեց հիվանդանոցներ:

Մարտիմեկյան քրեական գործի նյութերի համաձայն՝ նշված իրադարձությունների ժամանակ 278 անձ (221 ոստիկան և 57 քաղաքացիական անձ) ստացան մարմնական վնասվածքներ, վնասվեցին տասնյակ տրանսպորտային միջոցներ, իսկ տուժող են ճանաչվել ոստիկանության 220 աշխատակից և զինծառայող, ու 58 քաղաքացիական անձ, որոնցից 20-ին պատճառվել է մարմնական վնասվածք, իսկ 38-ին`գույքային:

Արդյունքում` մեղադրանք առաջադրվեց 152 անձի. սակայն նրանցից միայն 117–ի վերաբերյալ գործը ուղարկվեց դատարան:

Հարյուրավոր մարդիկ հայտնվեցին անազատության մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225 հոդվածի 2-րդ (Զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելը կամ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրելը)  301–րդ՝ իշխանությունը զավթելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը, 316-րդ իշխանության ներկայացուցչի՝ նկատմամբ բռնություն գործադրելը, 176-րդ՝ ուրիշի գույքի հափշտակություն հոդվածների հատկանիշներով:

2008-ի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի էին ունեցել ՀՀ նախագահի ընտրություններ, դրան հաջորդող բոլոր օրերին, մինչև մարտի 1-ը ներառյալ, Ազատության հրապարակում ՀՀ հիմնադիր և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներն անցկացնում էին շուրջօրյա ցույցեր ու հանրահավաքներ:

Ամեն ինչ սկսվեց, երբ մարտի 1-ի առավոտյան ժամը 6։30-ին ներքին գործերի նախարարութան ուժերը մահակներով, էլեկտրական հարված հասնող սարքերով հարձակում գործելով Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների վրա, ցրեցին նրանց, որոնց թիվը, ըստ հաղորդվող տվյալների, կազմում էր 700-1000 մարդ։ Այդ օրը առավոտյան Երևանի կենտրոնում կարելի էր տեսնել Ազատության հրապարակից վազող, բերման ենթարկվող բազմաթիվ արյունլվա ու ծեծված մարդկանց, որոնք քաղաքացիներին պատմում էին այդ օրը Ազատության հրապարակում իրականացված դաժանությունների մասին:

Հետո ականատես-վկա-մասնակիցները մարտիմեկյան դատավարությունների ընթացքում պիտի վկայեին, որ իշխանական ուժերը զենքեր և նռնակներ էին տեղադրել քնած բողոքարարների վրաններում՝ Ազատության հրապարակը, ինչպես այն ժամանակ էր ձևակերպվում՝ մաքրելու համար: 

Արդեն ժամը 11։00-ին մոտ Ազատության հրապարակն ամբողջությամբ «մաքրված» Էր, ինչի արդյունքում 2019-ի փետրվարի 19 նախագահական ընտրությունների հայտարարված արդյունքների դեմ բողոքող հուժկու հանրահավաքների մասնակիցները, արդեն ժամը 12-ի դրությամբ հավաքվել էին Երևանի Շահումյան հրապարակում՝ Մյասնիկյանի արձանի հարևանությամբ: Տեղանքն ընտրված էր այն սիմվոլիկայով, որ արձանը տեղակայված է ՀՀ–ում  Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատների մեջտեղում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ