Մերսեդես անունով հրեա աղջկա պատմությունը, ում պատվին անվանել են հայտնի ավտոմեքենան


21:00 , 24 փետրվար, 2018

Չնայած այն բանին, որ Մերսեդես Ելինեկ անունով կինը երբեք առանձնահատուկ հետաքրքրություն չի ցուցաբերել մեքենաների նկատմամբ, հենց նրա պատվին է անվանվել մեքենայի ապրանքանիշը:

Ադրիանա Մանուելա Ելինեկը լույս աշխարհ է եկել 1889 թ. Ավստրիայում, հրեական ընտանիքում: Տանը նրան Մերսեդես էին անվանում, ինչը լատիներենից թարգմանաբար նշանակում է «ողորմածություն», «պարգև», իսկ իսպաներենից թարգմանաբար՝ «շնորհ», «բարեսրտություն»:

Աղջկա մայրը որոշ ժամանակ բնակություն է հաստատել Մարոկկոյում՝ իսպանական հասարակության հարևանությամբ գործող հրեական համայնքում: Այդ պատճառով նա գիտեր իսպաներեն և սիրում էր Մերսեդես անունը:

Ադրիանան վաղ մանկությունից շատ էր սիրում և զբաղվում էր երգեցողությամբ ու երաժշտությամբ: Ի տարբերություն նրա՝ հայրը մեծ հետաքրքրություն էր տածում դեպի ավտոմեքենաները:

Աղջկա հայրը Վիեննայում հայտնի դիվանագետ և ձեռնարկատեր էր: 1890-ականների վերջին բախտի բերմամբ նա ծանոթանում է դիզայներ, արդյունաբերող և ինժեներ Գոթլիբ Դայմլերի հետ, ինչպես նաև ձեռնարկատեր և ավտոկոնստրուկտոր Վիլհելմ Մայբախի հետ:

Հայրը՝ Էմիլը, մեծ հեռանկարներ էր տեսնում ինքնատեղաշարժվող «աթոռների» զարգացման մեջ, որոնք կոնստրուկտավորել էին Մայբախն ու Դայմլերը, հետևաբար դրանց վաճառքը սկսեց իրականացնել Նիսում:

Այսպիսով՝ Էմիլը Ֆրանսիայում դարձավ «Դայմլեր» ապրանքանիշի տրանսպորտային միջոցների ներկայացուցիչը: Նրան շատ էին դուր գալիս այդ ավտոմեքենաները, այդ պատճառով էլ որոշեց դրանցից մեկով մասնակցել ավտոմրցաշարի:

Սակայն քանի որ Էմիլ Ելինեկը զբաղեցնում էր Ավստրո-Հունգարիայի հյուպատոսի պաշտոնը, նա անանուն էր գործում՝ օգտագործելով «Մսյո Մերսեդես» անվանումը: Այդպես նա միանգամից երեք ճագար սպանեց. իրականացրեց իր ցանկությունը, ստուգեց մեքենան և մարքեթինգային հրաշալի քայլ իրականացրեց՝ ֆրանսիացիներին ստիպելով հետաքրքրվել Դայլմլերի մեքենաներով:

Դրանից հետո Էմիլը եկավ Դայլմերի մոտ՝ առաջարկելով գնել նրանից 36 մեքենա, որն այն ժամանակվա համար մեծ պատվեր էր, սակայն Ելինեկը մի պայման դրեց. մեքենաները պետք է վաճառվեին «Մերսեդես» անվանմամբ: Դրանով Էմիլն իր վրա վերցրեց ԱՄՆ-ում, Ֆրանսիայում և Ավստրո-Հունագրիայում առևտրային ներկայացուցչությունը: Գործարքը կնքվեց և երկու կողմերին մեծ եկամուտ բերեց:

Դայմլերի մեքենաները շատ լավ էին վաճառվում և չնայած այն փաստին, որ գնորդները քաջատեղյակ էին ապրանքանիշի իրական անվանմանը, որոշ ժամանակ անց դրանց սկսեցին համատարած անվանել «Մերսեդես»: Այդ պատճառով 1902 թ. բաժնետերերի խորհրդի որոշման արդյունքում մեքենաները նոր անվանում ստացան՝ «Դայմլեր-Մերսեդես»:

Նույն տարում «Մերսեդես» ապրանքանիշն արտոնագրվեց, իսկ Փարիզում ցուցադրության ժամանակ անցկացվեց Մերսեդես 35 HP ավտոմեքենայի ցուցադրությունը: Հատկանշական է, որ ցուցադրության ժամանակ մեքենայի կողքին կախված էր Ելինեկի դստեր մեծ պատկերը:

1926 թ. տեղի ունեցավ «Դայմլերի» և «Բենցի»՝ երկու խոշորագույն ավտոմեքենաների ընկերությունների միաձուլումը: Արդյունքում մեքենան վերանվանվեց «Մերսեդես-Բենց»:

Իսկ ի՞նչ էր անում այն ողջ ընթացքում դուստրը, երբ հայրն աշխատում էր: Երբ լրացավ երեխայի 4 տարեկանը, նրա մայրը մահացավ, իսկ հայրը երեխաների հետ տեղափոխվեց Նիս: Ավելի ուշ Ադրիանան վերադարձավ Ավստրիա՝ շարունակելով այնտեղ զբաղվել վոկալով և երաժշտությամբ:

Մերսեդեսի ժամանակակիցներն ասում էին, որ նա հրաշալիորեն սոպրանո էր երգում: Մեքենաների զարգացմանը նա առհասարակ չէր հետևում և չէր կիսում հոր հետաքրքրությունները:

1909 թ. աղջիկն ընտանիք կազմեց բարոն Կառլ ֆոն Շլոսերի հետ, սակայն ամուսնությունն ավարտվեց բաժանությամբ. Ադրիանան ամուսնուն թողեց աղքատ քանդակագործի համար: Մերսեդեսը մահացավ տուբերկուլյոզից 39 տարեկան հասակում:

1903 թ. Էմիլն իր ազգանվանն ավելացրեց աղջկա կեղծանունը, և նրան պաշտոնապես սկսեցին անվանել Ելինեկ-Մերսեդես: Մինչ այդ երբեք ոչ ոքի մտքով չէր անցել երեխայի անվանումը ազգանվան վերածել:

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ֆրանսիական իշխանությունները մեղադրեցին Էմիլին և նրա երկրորդ կնոջը լրտեսության մեջ և բռնագրավեցին գույքը:

Ադրիանան ոչինչ չարեց մեքենաների արտադրողականությունը վերականգնելու համար, սակայն դարձավ ամենահայտնի կինն ավտոմոբիլիստների շրջանակում:

Եվ այսօր էլ «Մերսեդեսը» շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել ավտոմեքենաների շուկայում, իսկ նրա գովազդները կարծես արվեստի գործեր լինեն: