Քաղաքական աղանդավորություն


09:58 , 24 փետրվար, 2018

Մենք 1000 տարի պետություն չենք ունեցել, քաղաքական հարցերի շուրջ մտածելու հնարավորություն չենք ունեցել: Միայն կրոն ենք ունեցել, իսկ այն մտքի ազատություն չէ, այլ՝ դոգմաներով կաղապարվածություն: Դա է արմատավորվել մեր մեջ:
Ու մոտ 30 տարի առաջ, հնարավորություն ունենալով ստեղծել քաղաքական նախաձեռնություններ, վերը նշված պատճառով դրանք վերածեցինք քաղաքական աղանդների:
Քաղաքական այդ նախաձեռնությունների առաջնորդները ճանաչվեցին որպես սուրբ և անսխալական, իսկ թեզերն ու դրույթները` դոգմա: Որևէ այլ միտք, որը դոգմաների տիրույթից չէ, մերժելի է: Որևէ մեկը, ով կքննադատի թեզերը կամ առաջնորդին, եղկելի հերձվածող է` արժանի ոչնչացման:
Եվ չշտկվելով, չլրամշակվելով, քննադատական խոսք չլսելով` քաղաքական այդ նախաձեռնությունները չեն կարողանում իրականացնել իրենց հռչակած նպատակներն ու աստիճանաբար դուրս են մղվում հասարակական ուշադրության դաշտից, նեղանում են, վերածվում քաղաքական դոգմատիկ սեկտայի:
Մեր գրեթե բոլոր քաղաքական նախաձեռնությունները զգուշավոր սեկտա են ու իրենք իրենց զրկել են ձևափոխվելու, զարգանալու հնարավորությունից: Ու հիմա մենք բոլորով դոգմատիկ վիճակում ենք:
Իշխանությունն ինքն էլ մի յուրօրինակ սեկտա է` իր դոգմաներով ու մտքի սահմանափակումներով:
Յուրօրինակ սեկտա է նաև ժողովրդի բողոքական հատվածը. նրա համար ընդունելի են միմիայն սև մտքերը. այլ միտք արտահայտողները բորոտ են նրա համար:

Ժամանակը կարիք է զգում այս դոգմատիկությունը փշրելու ունակ անհատների: