12:42 , 1 մայիս, 2013
Ես ու դու սիրում ենք նայել իրար` այնպես անմեղ, դուրեկան: Իրար չենք ճանաչում, չգիտենք իրար մասին, ու պատահական համընկնող հայացքներն են ինձ ու քեզ կապում:
Միգուցե ես իրավունք չունեմ քեզ «դու»-ով դիմել, ես թույլտվություն չունեմ քեզնից, բայց միևնույն է այլ կերպ չեմ կարող. դու հարազատ ես ինձ, այնպես մոտ, որ «Դուք»-ը անդունդ կլինի իմ ու քո միջև:
Երբ աղջկական թաքուն հայացք եմ գցում քեզ վրա, ամոթից կարմրում ու գլուխս թեքում եմ, սկսում խոսել զրուցակցիս հետ դատարկ թեմաներից, միայն թե կրկին հայացքները չհամընկնեն:
Բայց ախր դու ինձ միշտ ես նայում` ամեն տեղից, ամեն հարմար ու անհարմար պահի, ամեն քայլափոխի, դրա համար էլ ես կողպում եմ նայելու ցանկությունս` բավարարվելով միայն ամենահարմար պահերով, երբ կողքիդ մարդ կա, ու կարելի է ձևացնել, թե քեզնով չեմ անէանում:
Ես ինձ ու քեզ «մենք»-ով ներկայացնել չեմ կարող, քանզի երևի դու էլ մի ակնթարթ ես իմ ակնթարթային կյանքում, մի օր կանցնես ու էլ չես նայի ինձ:
Ես իրավունք ու ցանկություն չունեմ ինձ ու քեզ «ՄԵՆՔ» կոչել...