Նախագահ Սերժ Սարգսյան. Իրական ընկերը մեկ հոգի է երկու մարմնում


21:00 , 22 փետրվար, 2018

Մերձավոր Արևելքը շարունակում է ապրել նորանոր ողբերգություններ, որոնք վերահաստատում են, որ Հայոց ցեղասպանության տարիներին տիրող մտածելակերպը 21-րդ դարում դեռևս պահպանվում է, ուստի դրանց կանխարգելմանն ուղղված պայքարն ավարտված չէ, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր բաժակաճառում ի պատիվ Լիբանանի նախագահ Միշել Աունի տրված պաշտոնական ճաշի ժամանակ:

«Ուզում եմ հատուկ ընդգծել Լիբանանին սատար կանգնելու Հայաստանի պատրաստակամությունը և հույս հայտնել, որ դարերի իմաստություն և հայրենասիրական արժեքներ կրող լիբանանցի ժողովուրդը պատվով և իրեն հատուկ համախմբվածությամբ կդիմագրավի բոլոր մարտահրավերները», - ասել է նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Լիբանանի նախագահի այցի օրերին քննարկված հարցերը և ձեռք բերված պայմանավորվածությունները մոտ ապագայում կյանքի կկոչվեն՝ նորովի հարստացնելով հայ-լիբանանյան բազմաբովանդակ փոխգործակցության օրակարգը:

«Հայտնի արաբական իմաստությունն ասում է՝ իրական ընկերը մեկ հոգի է երկու մարմնում: Կարծում եմ՝ սա լավագույնս բնութագրում է հայ-լիբանանյան հարաբերությունները, որտեղ չկան անլուծելի հարցեր, որտեղ կողմերի փոխըմբռնումը լավագույնս ծառայում է երկու ժողովուրդների բարեկեցությանը և կայուն զարգացմանը», - նշել է Ս.Սարգսյանը։

Լիբանանի նախագահ Միշել Աունը փոխադարձ բաժակաճառում նշել է, որ պատմական հավատքով ու նահատակությամբ ծանրաբեռնված հողով անցնելը չի կարող լինել սովորական և ավանդական:

Նա նշել է, որ երեկ այցելել են Էջմիածնի Մայր տաճար և Հայոց ցեղասպանության նահատակների հուշարձան, որտեղ անմար կրակի ու մի ժողովրդի հերոսականությունը, տառապանքն ու վերքերն արտացոլող երեխաների, կանանց ու տղամարդկանց դաժան պատկերների առջև արագանում են սրտի բաբախյունները:

«Այդ սարսափելի տեսարանները բացահայտում են անցյալ դարասկզբին մեր ողջ Արևելքը համակած վերացման գաղափարի գոյությունը: Այդ մտածելակերպը դիմացինի այլ տեսակի մեջ տեսնում էր թշնամու, որին պետք է սպանել, ոչնչացնել նրա մշակույթն ու քաղաքակրթությունը, և այն ի կատար ածեց ամենասարսափելի կոտորածները՝ իր հետևից թողնելով միլիոնավոր նահատակների: Մեր երկու ժողովուրդներն էլ այդ գաղափարի զոհերն էին. հայ ժողովուրդը սպանվեց սրով, լիբանանցի ժողովուրդը՝ սովի միջոցով: Ցավոք, այդ նույն մտածելակերպը վերստին ի հայտ եկավ վերջին տարիներին՝ խլելով հարյուր հազարավոր զոհեր: Վստահաբար անցյալի կոտորածները չճանաչելը և դրանց նկատմամբ հաշվետու լինելու բացակայությունը խրախուսում են ներկայիս ջարդերը», - ասել է նախագահ Միշել Աունը:

Նա իր բաճակաճառում դրվատանքով է խոսել լիբանանահայ համայնքի մասին՝ ընդգծելով, որ այն Լիբանանի հասարակության անբաժան մասնիկն է:

 54