Պայթյուն Երևանի Վրացական փողոցի 10 շենքում. բնակարանը փլուզվել է, 14 մարդ է տարհանվել, վնասվել է 10 ավտոմեքենա (Photo)


10:00 , 20 փետրվար, 2018

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:00-ի սահմաններում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի Վրացական 10 շենքի 44 բնակարանում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պայթյունի հետևանքով վնասվել է բակում կայանված 10-ից ավելի ավտոմեքենաներ և փլուզվել բնակարաններ: Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել մեծ թվով փրկարարներ՝ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև փրկարարներ՝ ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի Փրկարարական վարչության պետ, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ ծառայողներն ու Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ բժիշկների խումբը: Այս պահին դեպքի վայրում աշխատում են ԱԻՆ ՓԾ Արաբկիրի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հրամանատար Արման Նալգրանյանի գլխավորությամբ:

Տեղում աշխատում են նաև Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները: Առաջին իսկ պահից ժամանել է նաև Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հովհաննես Վարդանյանը: Թե ինչն է եղել պայթյունի պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո: Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը եղել է գազից և անփութության հետևանքով:

Նշված բնակարանը վերանորոգվում էր, և տանտերն այն հանձնել էր արհեստավորներին, ովքեր աշխատանքներ էին կատարում բնակարանում: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ պայթյունի հետևանքով վնասվել են նաև 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ հարկերի մի քանի բնակարաններ և այնտեղ բնակվելը վտանգավոր է։ Թե ով է փոխհատուցելու քաղաքացիների կրած վնասը, այս պահին քաղաքացիներն էլ չգիտեն, պարզապես նրանք հայտնվել են փողոցում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: