Մեր պետության շահերից է բխում գործընկերային խորը կապեր ունենալ բոլոր երկրների հետ


13:35 , 16 փետրվար, 2018

Երբ Իսրայելի խորհրդարանը հրաժարվում է 1915-ի իրադարձությունները ճանաչել որպես ցեղասպանություն, և երբ մենք դրա պատճառով հերթական անգամ բացասական մտքեր ենք արտահայտում հրեական պետության ու քաղաքականության մասին, երբևէ մտածո՞ւմ ենք, որ միջպետական ու միջազգային հարաբերություններում ամեն ինչ փոխադարձության վրա է հիմնված:

Երբ 2017-ի դեկտեմբերի 21-ին Հայաստանը ձեռք էր մեկնում Թուրքիայի նախաձեռնությանն ու կողմ քվեարկում հակաիսրայելական ու հակաամերիկյան բանաձևին, արդյո՞ք չէինք մտածում, որ նմանատիպ պատասխան կլինի նաև իսրայելական կողմից: Արդյո՞ք Իսրայելի հետ ավելի քան 2 տարվա մերձեցման ջանքերը վտանգի տակ չէինք դնում:

Իհարկե, պետական քաղաքականությունն իր շահերն ու հաշվարկներն ունի, բայց, կարծում եմ, ՄԱԿ-ի բանաձևի քվեարկության ժամանակ մենք սայթաքեցինք:

Իսրայելատյաց ոչ ադեկվատ մարդկանց խնդրում եմ մեկնաբանություններ չգրել, քանի որ այստեղ խնդիրը սիրել-չսիրելու մեջ չէ, այլ՝ պետական ու ազգային շահերի կարևորության: Իսկ մեր պետության շահերից է բխում գործընկերային խորը կապեր ունենալ բոլոր երկրների, առավել ևս՝ ուժեղների ու ազդեցիկների հետ: