21:00 , 12 փետրվար, 2018Մինչ վերջերս աշխարհում հնագույն ձայնագրությունը, որը պահպանվել է մինչ մեր օրերը, համարվում էր 1888 թ. արված մի ձայնագրություն: Դրանում 4000 ձայներից բաղկացած երգչախումբը կատարում էր «Իսրայելը Եգիպտոսում» օրատորիան: Ձայնագրությունն արվել էր Թոմաս Էդիսոնի ֆոնոգրաֆով. Էդիսոնն առաջին մարդն էր, ով ոչ միայն կարողացել է ձայնագրություն կատարել, այլ նաև վերարտադրել այն:
Էդիոսոնն առաջինը կհամարվեր մինչ օրս, եթե 2008 թ. փարիզյան արխիվներում չգտնվեր առավել հին ձայնագրություն, որն արվել է 1860 թ. ապրիլի 9-ին Էդուարդ-Լեոն Սքոթ դը Մարտինվիլի կողմից:
Այս մարդը հայտնի է շնորհիվ ֆոնոավտոգրաֆի հայտնագործման. վերջինս աշխարհում առաջին սարքն էր՝ նախատեսված ձայնագրության համար: Այն կազմված էր ակուստիկական կոնից և թրթռումներ առաջացնող թաղանթից, որոնք իրար էին միացված ասեղով: Ձայնային ալիքներն, անցնելով կոնի միջով, ստիպում էին թաղանթին թրթռալ, տատանումները տալով ասեղին, որը ածխածնի վրա կատարում էր նշումներ։ Սարքը թույլ էր տալիս պատկերել ձայնային ազդանշանանները, սակայն չէր տալիս դրանք նվագարկելու հնարավորություն։ Ըստ գիտնականների՝ Սքոթն ուղղակի փորձեր էր կատարում ձայնային ալիքների վիզուալիզացման և դժվար թե պատկերացներ, որ նրա ձայնը կարող են հնչեցնել շուրջ մեկ ու կես դար:
Գտնված մրոտված թղթի կտորը կոչնչանար մեխանիկական յուրաքանչյուր ազդեցությունից և հպումից, այդ իսկ պատճառով ձայնի արտաբերման համար կիրառել են մակերևույթի սկանավորման 3D եղանակը: Վերջինս թույլ է տալիս հեռավորության վրա չափել ուղու լայնությունն ու խորությունը: Տվյալների համակարգչային մշակումից հետո գիտնականները ստացել են տասը վայրկյան տևողություն ունեցող ձայնագրություն, որում ուշադիր լինելու դեպքում կլսեք ֆրանսիական «Au Clair de la Lune» ազգային երգի բառերը:
Փորձերից մեկի ընթացքում կարծես թե լսվում է հենց իր՝ Սքոթի ձայնը:
Հետաքրքիր է այն, որ մոտ ապագայում 1860 թ. արված այս ձայնագրությունը կարող է այլևս չհամարվել հնագույնը: Որոշ գիտնականներ կարծում են, որ 3D սկանավորումը կարող է հայտնաբերել ակուստիկական ալիքները՝ թողնված կոշտ մակերևույթների վրա: Վերջիններից առավել «հավանական» տարբերակ է կավե սպասքը: