«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժյուրին, փաստորեն, գլխից ձեռ է քաշել....


22:48 , 29 ապրիլ, 2013

Ուշադիր ուսումնասիրեցի մրցանակակիրների ցանկը եւ այնտեղ չգտա «Գարեգին Նժդեհ» ֆիլմը: Ճիշտ է, այդ ֆիլմի օպերատորին եւ երկու դերասանի մրցանակ տվել են, բայց ֆիլմը ոչ մի անվանակարգում չի գնահատվել:
Իսկ ինձ թվում էր, թե «Հայակի» ժյուրին «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում հաղթող կճանաչի «Գարեգին Նժդեհը»: Այնինչ, այդ անվանակարգում լրիվ ուրիշ ֆիլմ է հաղթող ճանաչվել («Այդ ես չեմ»):
Հետաքրքիր է` ինչու է անտեսվել 7 միլիոն դոլարանոց «Գարեգին Նժդեհ» ֆիլմը, որը դիտող նժդեհական վերնախավը մի օվկիանիոսի չափ արցունք թափեց: 
Ավելին` իշխող ուժի նախընտրական գովազդը հանդիսացող քեշիշյանական այդ «գլուխգործոցը» լույս աշխարհ բերելու համար վերին հրահանգով քսակները լայն բացել էին հնարավոր եւ անհնար բոլոր հովանավորները:
Կարծում եմ, սակայն, «Հայակը» այդքան համարձակություն չուներ, որ չնկատեր իշխող կուսակցության «ցեղակրոնական թրիլլերը» ինչը ստեղծելու համար, ասում են, տիտանական ջանքեր են թափել...
Ամենայն հավանականությամբ, այդ ֆիլմը պահել են պետական մրցանակի կամ նախագահի մրցանակի ներկայացնելու համար: «Մենձ» գործերին` «մենձ» մրցանակ...
Թե չէ` հայակ-մայակ.... էդ ի՞նչ մրցանակաբաշխություն է, որ դիպչեր «Գարեգին Նժդեհ» ֆիլմին...