21:00 , 8 փետրվար, 20181492 թ. նոյեմբերի 6-ին Կուբայում կյանքում առաջին անգամ մեկ գլանակ ծխելով՝ Քրիստոփոր Կոլումբոսը չէր էլ կարող պատկերացնել, որ Եվրոպայի համար բացահայտում է ոչ միայն մայրցամաք, այլև վտանգավոր հիվանդություն, վնասակար միջատներ և մահացու սովորություն մարդկանց համար:

Կոլումբոսն իսկապես առաջին եվրոպացին էր, ով ծխախոտ է փորձել, սակայն մոլի ծխող նա չի դարձել: Կոպիտ ասած՝ Կոլումբոսը չէր, ով մեղավոր էր այս վնասակար սովորության տարածման համար: Նրա ժամանակակիցները վկայում էին, որ այդ ծխախոտն իրենից ներկայացնում էր անհայտ բույսի չորացված տերևներ, որոնց մի կողմն այրում էին: Նրանք նաև ասում են, որ մեծ ճանապարհորդը ծխախոտի մեջ ոչ մի գրավիչ բան չի տեսել:
Հին աշխարհի առաջին մոլի ծխողը, ով եվրոպացիների համար վատ օրինակ է եղել, Կոլումբոսի թիմի անդամներից էր՝ Ռոդրիգո դե Խերեսը: Հենց նա է Եվրոպա բերել ծխախոտի «համաճարակը», որը, ըստ տվյալների, մինչ օրս ամեն տարի շուրջ 5 մլն մարդ է սպանում: Բախտի բերմամբ հենց դե Խերեսն էլ դարձավ ծխախոտի առաջին զոհը: Ծխելու արդյունքում դե Խերեսի բերանից դուրս եկած ծուխը կաթոլիկ եկեղեցին դիտել է որպես սատանայի հետ կապի նշան և սկսել հակածխախոտային հզոր պայքար:
Սակայն ծխախոտը հաղթեց: Ինչքան էլ որ հզոր էր եկեղեցին, նրա իրականացրած հակածխախոտային քարոզչությունը ձախողվեց: Եվրոպացիներին իսկապես դուր էր եկել ծխելը: Մահապատիժները դադարեցվեցին, և եկեղեցին ստիպված սկսեց արգելել ծխելը միայն աղոթավայրերում: Իսկ դե Խերեսը, «սատանայի հետ կապ ունենալու» համար մեղադրվելով, 7 տարվա ազատազրկման ենթարկվեց, այնուհետև դուրս եկավ բանտից:
Հասարակության գիտակցության մեջ ժամանակի ընթացքում ծխախոտը «սատանայի զենքից» վերածվեց «դեղամիջոցի»: Եկատերինա Մեդիչին, օրինակ, այն օգտագործում էր միգրենի բուժման համար: Ծխախոտի միջոցով բուժում էին նաև ատամի ցավը, ստամոքսային խանգարումներն ու ոսկրային կոտրվածքները:
Ամերիկայի հայտնագործումից մեկ տարի անց ծխախոտը «գրավել» էր ողջ Եվրոպան: Դրանից աճեցնում էին Բելգիայում, Իսպանիայում, Իտալիայում, Շվեյցարիայում և Անգլիայում: Սկզբում Ֆրանսիայում և Իսպանիայում, ապա՝ Անգլիայում, կառավարական իշխանությունները մոնոպոլիզացրին ծխախոտի շուկան:
Հնից Նոր աշխարհի անցումն աննկատ կատարվեց: Կոնկիստադորները հնդկացիներին «նվիրեցին» ծաղիկ, ժանտախտ, գրիպ և խոլերա հիվանդությունները: Իսկ հնդկացիներն իրենց հերթին իսպանացիներին նվիրեցին առաջին վեներական հիվանդությունը՝ սիֆիլիսը: Որոշ աղբյուրներ հիշատակում են, որ սիֆիլիսով առաջին հիվանդը Եվրոպայում եղել է Կոլումբոսը, ապա՝ նրա նավաստիները: Վերջիններս 1494 թ. իսպանացի թագավոր Կառլ VIII զորքի շարքերն անցան, ով Նեապոլիտանական պետության դեմ պատերազմ էր մղում: Զորքը հսկայական էր և դանդաղ էր առաջ շարժվում, այդ իսկ պատճառով էլ նախ ողջ զորքը, ապա՝ շրջակա տարածքների բնակիչները վարակվեցին սիֆիլիսով:
Եթե հավատանք այն ժամանակների պատմական աղբյուրներին, ապա Կառլ VIII-ի կողմից Նեապոլը գրավելուց քիչ տարիներ անց Եվրոպայի կեսն արդեն վարակված էր, այսպես կոչված, «ֆրանսիական հիվանդությամբ»:
Սիֆիլիսի առաջին համաճարակը, որը սկսվեց 1495 թ., Եվրոպայի բնակչությունը նվազեցրեց 5 միլիոնով: Սիֆիլիսը չէր խնայում ոչ ոքի՝ ոչ հասարակ մարդկանց, ոչ արքայական ընտանիքի անդամներին: 1500 թ. հիվանդությունը դուրս եկավ Եվրոպայի սահմաններից, հասավ Թուրքիա և Ասիա:
Սիֆիլիսը բուժել սկսեցին միայն XX դարում՝ պենիցիլինների հայտնագործումից հետո: Մինչ այդ անհաջող փորձեր էին կատարվում հիվանդությունը բուժելու մկնդեղի և սնդիկի միջոցով:
Մակաբույծը, որն արդեն երկրորդ հարյուրամյակն է, ինչ իր կյանքն անց է կացնում զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում, աշխարհում իր տարածման համար ևս պարտական է հայտնի ճանապարհորդին:
Շուրջ հազար տարի ոչնչով աչքի չընկնող միջատը բնակվում էր Հյուսիսային և Հարավային Ամերիկաների տարածքներում և սնվում էր ոչ մի արժեք չունեցող մորմազգի բույսերով:
Ժամանակի ընթացքում Կոլումբոսը Եվրոպա բերեց վայրի կարտոֆիլ: Դրա ջրալի պալարներն ընդհանրապես նման չեն նրանց, ինչին մենք այսօր ծանոթ ենք: Սկզբում եվրոպացիները կարտոֆիլը համարում էին թունավոր և գործածում էին զուտ որպես դեկորատիվ բույս: Մի քանի դար անցավ, երբ համեղ կարտոֆիլը վերադարձավ իր հայրենիք՝ Ամերիկա: Այստեղ այն սնունդ դարձավ ոչ միայն գաղթականների, այլ նաև որոշ բզեզների համար:
Այդ բզեզները սկսեցին կոչվել կարտոֆիլի բզեզներ և իրենց առաջին խոշոր վնասը հասցրին 1859 թ. Կոլորադոյի ագարակատերերին, որտեղից էլ իրենց հիմնական անունը ստացան՝ կոլորադյան բզեզ: Իր ճանապարհին ոչ մի խոչընդոտի չհանդիպելով՝ մակաբույծը շուրջ 185 կմ/տարի արագությամբ շարժվում էր դեպի արևելք:

Կտրել-անցնելով հազարավոր կիլոմետրեր՝ բզեզների «բանակը» հասավ Ատլանտյան օվկիանոսի ափեր: Եվրոպայում բզեզի մասին արդեն գիտեին:
Ֆրանսիան և Գերմանիան արգելք դրեցին օվկիանոսի ափերից կարտոֆիլ բերելու: ԱՄՆ-ից բերվող բոլոր ապրանքները մանրազնին խուզարկություն էին անցնում, գտնված բզեզները ոչնչացվում էին: Սակայն անգամ այս մեթոդը չփրկեց վտանգից: Անցյալ դարի 30-ական թվականներին կոլորադյան բզեզը մեծ տարածում գտավ Եվրոպայի կարտոֆիլի դաշտերում: 1940-ականներին ամերիկյան վնասատուն հայտնվեց ԽՍՀՄ-ի տարածքում: Այսօր կոլորադյան բզեզի դեմ պայքարում են թունաքիմիկատների և կարտոֆիլի նոր տեսակի միջոցով, սակայն վերջնական հաղթանակ տանել մակաբույծների նկատմամբ դեռ չի հաջողվել: