Այս տարի շինարարության ոլորտում կարձանագրվի շուրջ 20% աճ, ուստի մտավախություն կա, որ մեր աշխատուժը չի բավարարելու. Գագիկ Գալստյան


20:30 , 7 փետրվար, 2018

Tert.am-ը գրում է.

Շինարարների միության նախագահ, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ իր կանխատեսմամբ այս տարի շինարարության ոլորտում կարձանագրվի շուրջ 20 տոկոս աճ: «Մտավախության հիմքեր կան, որ մեր աշխատուժը չի բավարարելու մեր այս տարվա պոտենցիալ շինարարության համար»,-ասաց նա և հավելեց, որ ոլորտի ամենակարևոր հարցը վստահության խնդիրն է:

-Ինչպե՞ս եք գնահատում շինարարության ոլորտում առկա իրավիճակը. ի՞նչով եք պայմանավորում, որ վերջին տարիներին բացասական միտումներից հետո փոքր-ինչ աճ է արձանագրվել, և վարչապետն էլ նշել է, որ նույն աճի միտումը ակնկալում են նաև այս տարի:

-Ոլորտի աշխուժացման համար մեկ և ավելի տարի առաջ պետք է նախապայմաններ ստեղծվեն:Մեր ոլորտի հիմնական խնդիրը վստահության մեջ է: Պետությունը պետք է ստեղծի վստահության դաշտ, որպեսզի ներդրողները` թե տեղական, թե օտարերկրյա, իրենց միջոցները ներդնեն այս ոլորտում: Եթե կողքից դիտարկենք ոչ միայն Հայաստանի, այլև ընդհանուր քաղաքական գործընթացները, ապա կտեսնենք, որ մենք բավական կայուն վիճակում ենք մեր հարևան մի շարք երկրների, ընդհուպ մինչև Ռուսաստանի համեմատ: Դա բավարար հիմք է տալիս ենթադրելու, որ մեր երկրում ներդրումների ծավալը կավելանա:


-Խնդիրը շահութաբերությու՞նն է, որ այս տարիներին այդ բացերը չեն լրացվել:

-Պարզապես նախապայմաններ են ստեղծվել, նախորդ տարվա աշխատանքները ևս նպաստել են ոլորտի ակտիվացմանը: Շինարարությունը չպետք է դիտարկել զուտ որպես բնակարանների կառուցում. ոլորտը շատ ընդգրկուն է և ներառում է արդյունաբերական, կրթական, մշակութային, կենցաղային, հիվանդանոցային, հյուրանոցային, սննդի, ճանապարհների, կամուրջների, ջրամբարների շինարարությունը: Այս ցանկը ամբողջությամբ թվարկելն անհնար է: Այսօր, իհարկե, նկատվում է ճանապարհաշինության, ջրամբարների և այլ ենթակառուցվածքների շինարարության մասով ակտիվացում, որն իրականացվում է միջազգային ֆինանսական կառույցների միջոցներով՝ Կառավարության համաֆինանսավորմամբ: Որքան թափ առնի շինարարությունը, այնքան ֆինանսական միջոցների ավելացման անհրաժեշտություն է առաջանալու: Ճիշտ է, այսօր մեր կառավարությունը բավական շատ վարկային միջոցներ արդեն ներգրավել է, և հետագայում խնդիր չառաջանալու համար, կարծում եմ, շինարարության ոլորտի ակտիվացումը հնարավոր է իրականացնել ներքին և արտաքին ներդրողների միջոցներով: Ի դեպ, ինձ համար այսօր նկատելի է ներդրողների ակտիվացումը՝ հատկապես ռուս բիզնեսմենների կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։