00:20 , 6 փետրվար, 2018Մարդը մանկուց ձևավորվում է շրջակա միջավայրի ազդեցության ներքո: Եվ եթե մինչ 5 տարեկանը երեխան մեծանում է ոչ թե մարդկանց, այլ կենդանիների շրջապատում, նա ընդունում է վերջիններիս սովորությունները և աստիճանաբար կորցնում է մարդկային հատկանիշները: «Մաուգլիի սինդրոմ». այսպիսի անվանում են ստացել վայրի միջավայրում ստացած երեխաների հատկանիշները: Մարդկանց մոտ վերադառնալուց հետո նրանցից շատերի համար անհնար է եղել հարմարվելը: Ահա թե ինչպես են դասավորվել այդպիսի երեխաներից մի քանիսի ճակատագրերը:
Կենդանիների կողմից երեխային դաստիարակելու առաջին դեպքը, եթե հավատանք լեգենդին, Հռոմուլոսի և Հռեմոսի պատմությունն էր: Ըստ լեգենդի՝ փոքր ժամանակ նրանց կերակրել է մայր գայլը, իսկ ավելի ուշ գտել և մեծացրել է հովիվը: Հռոմուլոսը դարձավ Հռոմի հիմնադիրը, իսկ մայր գայլը՝ Իտալիայի մայրաքաղաքի խորհրդանիշը: Սակայն իրական կյանքում այսպիսի դեպքերը ոչ միշտ են ուրախ ավարտ ունենում:

Ռեդյարդ Քիլինգի երևակայությունից ծնված պատմությունը, ըստ էության, ամբողջապես անիրական է. երեխաները, որոնք կորչում են քայլել և խոսել սովորելուց առաջ, հասուն տարիքում այլևս չեն կարողանում տիրապետել այդ հմտություններին: Գայլերի կողմից իրականում երեխային դաստիարակելու առաջին դեպքը գրանցվել է 1341 թ. Գերմանիայի Հեսսեն քաղաքում: Որսորդները գտել են երեխայի, ով ապրել է գայլերի ոհմակում, չորեքթաթ էր քայլում, հեռու էր կարողանում թռչել, կծում էր և մռնչում: 8-ամյա տղան իր կյանքի կեսն անցկացրել է կենդանիների շրջապատում: Նա չէր կարողանում խոսել և միայն հում միս էր ուտում: Մարդկանց շրջապատ վերադառնալուց հետո նա միանգամից մահացել է:

Առավել մանրամասն նկարագրված դեպքը «Ավերոնից տղայի» պատմությունն է: 1797 թ. Ֆրանսիայում գյուղացիներն անտառում գտան 12-15 տարեկան մի երեխայի, ով իրեն պահում էր փոքրիկ գազանի նման: Նա չէր կարողանում խոսել, այլ միայն մռնչում էր: Մի քանի անգամ նա մարդկանց մոտից փախել է դեպի լեռներ: Այն բանից հետո, երբ նրան կրկին բռնեցին, նա գիտնականների ուշադրության կենտրոնում հայտնվեց: Բնագետ Պիեռ-Ժոզեֆ Բոնատերը գրեց «Պատմական նշումներ Ավերոնի գազանի մասին» աշխատությունը, որտեղ մանրամասնորեն ներկայացրել է իր դիտարկումների արդյունքները: Տղան զգայուն չէր բարձր և ցածր ջերմաստիճանի նկատմամբ, լսողության և հոտառության հատուկ զգացումներ ուներ, հրաժարվում էր հագուստ կրելուց: Վեց տարվա ընթացքում բժիշկ Ժան-Մարկը փորձել է ընկերակցել և մարդկանց մեջ դուրս բերել Վիկտորին (այդպես էին նրան անվանել), սակայն վերջինս այդպես էլ չի կարողացել խոսել սովորել: Մահացել է 40 տարեկան հասակում:

Մաուգլիի սինդրոմով տառապող երեխաներ գտնվել են նաև Հնդկաստանում. 1843-1933 թթ. այստեղ գրանցվել են 15 նման դեպքեր: Դինա Սանիչարն ապրում էր գայլերի հետ: Գտնվել է 1867 թ.: Փոքրիկ տղային գտնելուց հետո նրան սկսեցին սովորեցնել երկու ոտքերի վրա քայլել, սպասքից օգտվել, հագուստ կրել, սակայն խոսել նա այդպես էլ չի սովորել: Սանիչարը մահացել է 34 տարեկան հասակում:

1975 թ. Իտալիայում գայլերի մոտից գտել են հինգամյա երեխայի: Նրան անվանել են Ռոնո և տեղափոխել մանկական հոգեբուժարան, որտեղ մի շարք բժիշկներ էին աշխատում նրա հետ: Սակայն տղան մահացել է՝ սնվելով մարդկային սնունդով:
Նման դեպքեր պատահել են նաև շների, կապիկների, պանդաների, հովազների և կենգուրուների շրջանում: Երբեմն երեխաներն իրենք են կորել, երբեմն էլ ծնողները գիտակցաբար են նրանից «ազատվել»: Մաուգլիի սինդրոմով տառապող երեխաների ընդհանուր հատկանիշներն են խոսելու ունակության բացակայությունը, չորեքթաթությունը, մարդկանցից վախը, սակայն միևնույն ժամանակ քաջ առողջությունն ու դիմադրողականությունը:
