«Երևանից ժամանած լրագրողի կերպարում եմ». Արևիկ Գևորգյանը՝ ռուսական ֆիլմում նկարահանվելու իր առաջին փորձի մասին


17:15 , 2 փետրվար, 2018

Համացանցում է հայտնվել ռեժիսոր Ալեքսանդր Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմի պաշտոնական թիզերը: Համաշխարհային պրեմիերան տեղի կունենա Բեռլինում: Ֆիլմը պատմում է գրող Սերգեյ Դովլաթովի կյանքի մի քանի օրերի մասին, երբ նա ընկերների հետ հայտնվում է զվարճալի իրավիճակներում:

Դովլաթովի կերպարում սերբ դերասան Միլան Մարիչն է․ ինչպես ռեժիսորն է նշել, նա շատ նման է Դովլաթովին: Ֆիլմում իր մասնակցությունն է ունեցել նաև դերասանուհի Արևիկ Գևորգյանը, ով Երևանից ժամանած լրագրողի կերպարում էր: Դերասանուհին BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է առաջարկի և ֆիլմի նկարահանումներից ստացած տպավորությունների մասին: «Երկու տարի առաջ էր, երբ Գոհար Իգիթյանը զանգեց ինձ: Նկարահանման համար վիդեոքասթինգի մասնակցեցի․ մոնոլոգ պետք է կարդայի ռուսերեն լեզվով: Մի քանի օր անց ինձ զանգահարեցին և ասացին, որ դերս հաստատվել է»:

Ֆիլմում չկան երկրորդական և գլխավոր կերպարներ. Արևիկն էլ այն կերպարներից է, ով նշանակություն է ունեցել Դովլաթովի կյանքում: Ի դեպ՝ սա դերասանուհու առաջին համագործակցությունն էր ռուսական շուկայում. «Ես շատ սիրում եմ այնտեղի թատրոնը, մեր թատերականի դասերն էլ շատ մոտ էին ռուսականան պրոֆեսիոնալ թատրոնին, որովհետև մեր դասախոսները շատ լավն էին: Այն նախապատրաստությունը, որ ես պետք է ունենայի այնտեղ նկարահանվելու համար, ինձ թվում է՝ ես իմ դասախոսներից վերցրել էի: Այնտեղի թիմը շատ պրոֆեսիոնալ էր, և հենց ֆիլմի ռեժիսոր Գերմանի հետ աշխատանքը շատ հետաքրքիր և ուսուցողական էր: Իհարկե, յուրաքանչյուր ռեժիսոր ունի իր աշխատելաոճը և մեթոդները, որպեսզի դերասանից ստանա այն, ինչ ուզում է: Ինձ պարզապես ապշեցնում էր, թե նա ինչպես էր բոլոր դերասաններին բերում այն հոգեվիճակին, որպեսզի ստանար իր ուզածը։ Մենք երեք րոպեանոց տեսարանը նկարահանելու համար երկու օր փորձ էինք անում: Նկարահանումները ձմռան ամիսներին էին, բավականին բարդ էին, քանի որ դրսում էին»:

Արևիկը նշում է, որ արտաքնային փոփոխություն չի արել, միայն կրել է տվյալ ժամանակաշրջանի հագուստ. «Ինձ ընտրելուց հետո նշել էին, որ արտաքնային փոփոխություն չանեմ մինչև իմ՝ նկարահանման հրապարակ գնալը․ ես հաստատվել եմ մոտ երկու ամիս առաջ և հնարավոր էր՝ փոփոխություն անեի»:

Ֆիլմում նկարահանվել են Դանիա Կոզլովսկին, Ելենա Լիադովան, Սվետլանա Խոդոչենկովան, Անտոն Շագինը, Արթուր Բեսչաստինան և այլք: «Դերասանական կազմի հետ նկարահանվելը շատ հետաքրքիր էր․ այնտեղ բոլորը մտածող դերասաններ են, և յուրաքանչյուր փորձի ժամանակ փորձում են կատարելագործել իրենց խաղը: Դա կարծես ստիմուլ է տալիս, որպեսզի դու էլ անընդհատ կատարելագործվես: Ինչ-որ վարակիչ մթնոլորտ էր, որ բոլորին ստիպում էր ստեղծագործել»:

Ֆիլմի պրեմիերան լինելու է Գերմանիայում, որին դերասանուհին չի մասնակցի. «Եթե Երևանում ցուցադրությունը չլինի, կմեկնեմ Մոսկվա դիտելու»: 

 

 

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները տրամադրել է Արևիկ Գևորգյանը