«Հուսով եմ՝ կգամ մի օր Լեռնային Ղարաբաղ, երբ ամեն ինչ կարգավորված կլինի». Մակրոնը մասնակցել է հայկական համայնքի ամենամյա ընթրիքին (Photo, Video)


15:50 , 31 հունվար, 2018

Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի երեկոյան Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ խոստացել է օրացույցում Հայոց ցեղասպանության հիշատակման օր ավելացնել՝ կատարելով իր նախընտրական խոստումը, հայտնում է Le Figaro-ն:


Ֆրանսիայի նախագահը կազմակերպված ընթրիքի պատվավոր հյուրն էր: Փարիզի հյուրանոցներից մեկում անցկացված միջոցառմանը մասնակցել է հայ համայնքի մոտ 500 ներկայացուցիչ:


Միջոցառմանը ներկա են եղել նաև Փարիզի քաղաքապետ Ան Հիդալգոն, Իլ դը Ֆրանս երկրամասի ղեկավար Վալերի Պեկրեսը, հայկական ծագմամբ ֆրանսիացի պաշտոնյաներ, այդ թվում՝ Պատրիկ Դևեջյանը և Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանը, Թուրքիայի խորհրդարանի հայկական ծագմամբ պատգամավոր Կարո Փայլանը, ինչպես նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ:


«Արդարության և ճանաչման համար պայքարը մեր պայքարն է: Մենք տանում ենք այդ պայքարը՝ հիշելով և հանրապետության օրացույցում ցեղասպանության հիշատակման օր ավելացնելով»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով, որ կարևոր է, որ երկրի օրենսդիրներն այդ հարցին անդրադառնան առաջիկա ամիսներին:


Միջոցառման ժամանակ CCAF-ի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը կոչ են արել Էմանուել Մակրոնին դատապարտել Թուրքիային, որը սպառնում է փոքրամասնություններին, այդ թվում՝ հայերին: Նրանք նաև կոչ են արել Ֆրանսիայի նախագահին այցելել Արցախ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ