Սիրիական ճգնաժամի տարիներին որակապես նոր մակարդակ հաղորդվեց Ռուսաստանի և Իսրայելի հարաբերություններին


12:26 , 29 հունվար, 2018
Սիրիական ճգնաժամի տարիներին որակապես նոր մակարդակ հաղորդվեց հակաահաբեկչական պայքարի համատեքստում Ռուսաստանի և Իսրայելի գործողությունների կոորդինացման աշխատանքներին։ Կարելի է ասել, որ Սիրիայում իրականացված հակաահաբեկչական պայքարը, որը կոորդինացնում էին ՌԴ-ն, Իրանն ու Թուրքիան, ընթանում էր Իսրայելի հետ փոխհամաձայնեցման ընդհանուր տրամաբանության ներքո։ Հաշվի առնելով Մերձավոր Արևելքի տարբեր առանցքային հիմնահարցերում և հատկապես սիրիական զարգացումներում հետախուզության, օպերատիվ-մարտավարական ուղղություններով ՌԴ-Իսրայել համագործակցության ամրապնդման միտումները, ինչպես նաև ՌԴ-Իրան փոխհամաձայնեցված ռազմական գործողությունների վարման և կոորդինացման լավ ձևավորված ավանդույթը՝ չպետք է բացառել, որ Ռուսաստանը թե՛ իսրայելական, թե՛ իրանական կողմի համար դիտվում է կամ կարող է դիտվել որպես կողմերի միջև բանակցային խողովակ։ Այս տեսանկյունից մեծ կարևորություն է տրվում հունվարի 29-ին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի այցին Մոսկվա, որտեղ նախատեսվում էր քննարկել տարածաշրջանային խնդիրներ և մասնավորաբար Իսրայելի պաշտպանության բանակի ու Սիրիայում ՌԴ զորքերի միջև գործողությունների կոորդինացման հիմնահարցեր։