Կամավո՛ր ստրուկներ, շարունակեք ապրել խաղաղությամբ


16:04 , 27 ապրիլ, 2013

Երեկ գնացել էինք լուսաբանելու Մալաթիայի տոնավաճառի բողոքի ակցիան: Հիշեցնեմ, որ վաճառողները բողոքում էին տաղավարների բարձր վճարներից ու պահանջում իջեցնել դրանք: Էդ նույն «բողոքող» վաճառականները հենց իմանում էին՝ լրագրող եք, ու տեսնում, որ տեսանկարահանում ենք, վաճառողից վերածվում էին գնորդի՝ ասելով. «Չէ, պահանջ չունենք, եկել ենք՝ տեսնենք՝ շուկան երբ է բացվելու»: Երբ հեռանում էինք, կողքից լսվում էր՝ «Գոնե տեղի փողը քչացնեն, մարդավարի առևտուր անենք»...
Կանանցից մեկը նույնիսկ կշտամբեց մեզ՝ «էս մարդիկ վախեցած են, շաքար ունեն, եկել եք, որ ի՞նչ անեք, գնացեք վերևները լուսաբանեք, մեզ հետ գործ չունեք... Համ էլ իրանք հաճախորդ են...»:

Հետևություն 1: Հավատացեք, հեչ էլ տանձիս չի, թե ձեր վարձավճարները թանկ են, ձեր շահերից է բխում, որ լրագրողները գան, լուսաբանեն խնդրին հնչեղություն տալու նպատակով: Չնայած կարծում եմ, որ եռակի էլ բարձրացնեն, մեկ է՝ ստրուկի նման համակերպվելու եք ու սողացողների նման շարունակելու եք համբուրել ձեզ ստորացողների ձեռքերը` մեղադրելով միայն լրագրողներին, թե՝ «եկել են ստեղ, որ ի՞նչ անեն»: 

Հետևություն 2: Ապրում եք այն կյանքով, ինչին արժանի եք, ունեք այնպիսի իշխանություններ, ովքեր ձեզնից ոչնչով չեն տարբերվում: 

Հ.Գ.: Կամավո՛ր ստրուկներ, շարունակեք ապրել խաղաղությամբ: Իսկ ե՞ս... ես գնամ, ավելի կարևոր գործերով զբաղվեմ: