Երևանի բոհեմը կենդանի ջազ էր լսում. երեկ կայացավ Էմմա Ասատրյանի մենահամերգը


16:15 , 26 հունվար, 2018

Եթե սիրտը սկսում է ավելի ուժեղ խփել, երբ ինչ-որ տեղից՝ բեմի խորքերում արագաշարժ մատների տակից դուրս է գալիս դաշնամուրի հնչյունները, գունավոր լուսերից աչքերում երևում են սաքսաֆոնի փայլերը, երբ հանգիստ և ուրախ մթնոլորտում  անցնող երեկոն ձեր սրտով է ուրեմն դուք ճիշտ համերգի եք եկել:

Երեկ Երգի պետական թատրոնում կայացավ ջազ երգչուհի Էմմա Ասատրյանի մենահամերգը: Համերգին ներկա էին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և հայկական  շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ Վարդան Բադալյանն՝ ընտանիքի հետ, Ժակը, Անիտա Հախվերդյանը, Մանե Գրիգորյանը, Մարտա Կիրակոսյանը, Մարին, Գրիգոր Կյոկչյանը, Ռուսլան Էլազյանը, Մարբեյը և այլք: Երեկոյի ընթացքում երգչուհին կատարեց իր երգացանկից հայտնի և սիրված երգեր, ինչպես նաև երեք նոր երգ, որոնցից մեկի հիման վրա երգչուհին այս տարի կնկարահանի տեսահոլովակ: Պրեմիերաներից մեկն էլ Միքայել Ոսկանյանի հետ դուետն էր: BlogNews.am-ը ներկա է եղել համերգին և ներկայացնում է հետաքրքիր դրվագները:

Համերգային ծրագիրը սկսվեց «Շիկահեր և կարճատես» երգով, որից հետո երգչուհին շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին՝ համերգին ներկա գտնվելու համար և խոստովանեց, որ ամեն ինչ արել է, որ երեկոն հետաքրքիր անցնի: Էմման հեղինակ կատարող է և գրեթե միշտ երգում է իր հեղինակային երգերը, բայց, ինչպես նշեց, լինում են նաև բացառություններ. համերգի ընթացքում նա երգեց Անիտա Հախվերդյանի «Թափանցիկ գիշեր» և դաշնակահար Վահագն Հակոբյանի երգերը, որոնք հեղինակները նվիրել էին երգչուհուն:

«Հայ ազգը, կարծես, ավելի շատ տղա սիրող ազգ է և կանանց, աղջիկներին քիչ ավելի քննադատողաբար վերաբերվող։ Չնայած դրան՝ երգերը գրվում են կանանց և աղջիկների մասին, ես էլ որոշեցի անել հակառակը»,- նշեց երգչուհին և կատարեց «Երևանի սիրուն տղա երգը»:

Զրույց-մենահամերգի ժամանակ Էմման հանդիատեսին խոստովանեց, որ սիրում է խոսել բնության լեզվով, քանի որ այդ լեզուն շատ հարուստ է: «Կգամ քո քաղաք»-ը հենց այդ շարքից էր, որը բավականին մեղեդային և հուզիչ էր:

«Տարիներ առաջ, երբ պետք է ծնվեր իմ եղբայրը՝ Արթուրիկը, ինձ հյուր եկավ մի օրորոցային երգ, հետո անցան տարիներ, Աստված ինձ և ամուսնուս օրհնեց և ուղարկեց մեզ մեր զավակին՝ Անրիին: Ուզում եմ օրորոցայինը նվիրել Արթուրիկիս և որդուս, ինչպես նաև բոլոր ձագուկներին: «Նա նի նա» երգը պրեմիերաներից մեկն էր:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Գևորգ Խուրշուդյանի