Հայաստանյան փոքրիկ բիզնեսի մեծ Կաշպիրովսկիները


14:48 , 22 հունվար, 2018

Հատկապես Ֆեյսբուքում նկատած կլինեք մի սպեցիֆիկ կոնտինգենտի՝ երիտասարդ, ամբիցիոզ մարդկանց, ովքեր ունեն ինչ-որ բիզնես (որպես կանոն, start up-ոտ), ովքեր չեն հոգնում պատմել իրենց բիզնեսներից ու հաջողություններից։ Սա, իհարկե, ամենևին վատ չէ ու նույնիսկ գովելի է։ Վատն այն է, որ այս կոնտինգենտին հատուկ մի շարք այլ երևույթներ էլ կան։ Օրինակ՝ տպավորություն է ստեղծվում, որ իրենք ինչ-որ զուգահեռ իրականության մեջ են ապրում, բայց դա էլ ոչինչ։ Ամենահարամ բանը սկսվում է, երբ այս ամբիցիոզ ու հիմնականում երիտասարդ մարդկանց մեջ զարթնում են գուրուն, մեծ ուսուցիչը, սենսեյը, Բրայան Թրեյսին, ու իրենք սկսում են սովորեցնել, թե ինչպես դառնալ հաջողակ, արագ դառնալ հարուստ ու ծաղկող բիզնեսի սեփականատեր, մոտիվացվել, ճիշտ ապրել։

Սկզբում նրանք դա անում են նույն Ֆեյսբուքում, հետո հավեսի են ընկնում ու սկսում են է՛լ գրքեր գրել, է՛լ թրեյնինգներ անել․․․ Այ նրանց ես անվանում եմ հայաստանյան փոքրիկ բիզնեսի մեծ Կաշպիրովսկիներ կամ մերօրյա ալքիմիկոսներ, ովքեր համոզում են, որ գտել են փիլիսոփայական քարն ու պատրաստ են կիսվել իրենց փորձով։ Սրա մեջ ևս սարսափելի ոչինչ չէր լինի, եթե չլինեին մեր իրականությունն ու դրանից բխող ռիսկերը։ Իսկ ամենամեծ ռիսկը, ըստ իս, նրանում է, որ Կաշպիրովսկիներն ապակողմնորոշում են մարդկանց ու հաճախ տանում են դեպի հիասթափություն ու ֆիասկո։

Միանգամից նշեմ, որ ես բնավ այն մարդկանցից չեմ, ով համարում է, որ երկիրը երկիր չէ, պետք է այստեղից փախչել ու ոչինչ չանել։ Սակայն ԵԵՉ-իստական ծայրահեղության մյուս ծայրահեղությունն էլ հենց Կաշպիրովսկիներն են, ովքեր ոսկու սարեր ու բեկումնային հաջողություններ են խոստանում սկսնակներին, եթե հետևեն իրենց փորձին, որովհետև նախ, ինչպես նշեցի, հաճախ չարդարացված ոգևորում են մարդկանց ու տանում ձախողման, հետո ստեղծում են օբյեկտիվ իրականության իռացիոնալ պուպուշիկ պատկեր, և վերջապես, հաճախ նրանք պարզապես կոմպետենտ չեն գուրու, մեծ ուսուցիչ, սենսեյ լինելու հարցում, այն էլ՝ բիզնեսի, արտադրության ու արդյունաբերության ոլորտում։

Վերցնենք նույն Volterman-ի օրինակը։ Եկեք իրերը կոչենք իրենց անունով․ մարդիկ, բացի հաջող PR հոլովակից ու լավ բրեյնսթորմինգից, դեռ ուրիշ բան չեն արել։ Արդյունքում՝ խոստացված ժամկետների փոխարեն արդեն 2 ամիս ավելի ուշ ժամկետ են նշել դրամապանակների մատակարարման համար, ու դեռ հարց է, թե արդյո՞ք կհասցնեն այդ ժամկետներում տեղավորվել ու, որ ավելի կարևոր է, որքանով է իրական պրոդուկտը համապատասխանելու խոստացված չափորոշիչների։ Այսքանով հանդերձ, եթե մի քիչ խորանաք, ապա կտեսնեք, որ պրոյեկտի հեղինակներն այս ամիսներին ավելի շատ են իրենց հաջողության գաղտնիքների, անսահման հեռանկարների ու, որ ամենածիծաղելին է, մասսայական արտադրության մասին (որին դեռ չեն էլ հասել) խոսել, քան Հենրի Ֆորդն իր ողջ կյանքում։

Ու սա եզակի օրինակ չէ։ Ընտրեք գրեթե յուրաքանչյուր ոլորտ, ու ես կմտաբերեմ առնվազն մի այդպիսի Կաշպիրովսկու, ով կա՛մ հարաբերական հաջողություններ ունի, կա՛մ էլ ընդհանրապես չունի, բայց գրքեր է գրում, գրքերի մեջ success story է պատմում, թրեյնինգներ ու դասախոսություններ է վարում։ Ու այդ գուրուները կպատմեն իրենց հաջողության խիստ վեհ ու վերացական կողմերի մասին, բայց գրեթե ոչ մի բառ չեն ասի բիզնես սկսելու համար անհրաժեշտ գլխավոր կոմպոնենտների՝ մեկնարկային կապիտալի ու մտահղացման ծագումնաբանության մասին։ Օրինակ՝ երբևէ լսե՞լ եք, որ Կաշպիրովսկիներից մեկը պատմի, որ այդ մի քանի, մի քանի տասնյակ կամ էլ մի քանի հարյուր հազար դոլարը, որով ինքը սկսել է բիզնեսը, նրան տվել է աները, որովհետև հաջող ամուսնացել է հարուստ աղջկա հետ։ Կամ էլ հայրը, ով ինչ-որ չինովնիկ է, որը ապրիորի չէր կարող ունենալ այդպիսի գումարներ, մինչև հերթական «խոստումնալից» start up-ի գովքին անցնելը մի 3 անգամ հավեսով տակ է տվել․․․ Չեք լսել, իհարկե, ու չեք էլ լսի, որովհետև Կաշպիրովսկիները չեն սիրում կորցնել իրենց միստիկ ու ամենագետիկ իմիջը, սակայն նրանց լսողներից ու հավատացողներից քանի-քանիսը չեն հասկանում դա։

Մի քիչ երկար ստացվեց, ու անգամ չկարողացա էլ ողջ ասելիքս ասել, բայց դեռ առիթ կլինի։ Ամփոփելով ուզում եմ միայն նշել, որ թեև ես Կաշպիրովսկի չեմ, սենսեյ ու գուրու դառնալ չեմ ուզում, ոչ էլ գրքեր եմ գրելու բիզնես հաջողությունների ու ճիշտ ապրելու մասին, բայց վստահ եմ, որ Հայաստանը՝ իր բոլոր բարդություններով ու թերություններով հանդերձ, մի տեղ է, որտեղ կարելի է լավ ապրել ու նորմալ գումար վաստակել, բայց դրա համար պետք է 3 բան՝ աշխատել ավելի շատ, քան կուզենայիր, պատրաստ լինել սկսել քչից ու մինչև լավ բիզնեսմեն/գործատեր/շեֆ դառնալը սովորել լինել լավ աշխատող/կատարող/ենթակա։