Ցուցարարները Սեուլում այրել են ԿԺԴՀ-ի դրոշը ի նշան Օլիմպիադային նրա մասնակցության դեմ բողոքի


10:20 , 22 հունվար, 2018

168.am-ը գրում է.

Ցուցարարները հունվարի 22-ին Սեուլի կենտրոնում այրել են ԿԺԴՀ-ի դրոշը եւ նրա ղեկավար Կիմ Չեն Ընի դիմանկարը ի նշան Փյոնչհանի Օլիմպիադային այդ երկրի մասնակցության դեմ բողոքի: Ակցիան կազմակերպել էր Կորեացի հայրենասերների ծայրահեղ աջ կուսակցությունը: Այդ մասին հայտնել է YTN հեռուստաալիքը:

Ակցիայի մասնակիցները հավաքվել էին կայարանի շենքում, որտեղ նախ հանպատրաստից մամուլի ասուլիս են անցկացրել: «Փյոնչհանի Օլիմպիադան աստիճանաբար վերածվում է Կիմ Չեն Ընի անվան Փենյանի Օլիպիադայի՝ ճանաչում բերելով նրա միջուկային ծրագրին ու հյուսիսկորեական ռեժիմին»,- հանրահավաքում հայտարարել է կազմակերպիչներից մեկը:

Այնուհետեւ ցուցարարները հրկիզել են Կիմ Չեն Ընի դիմանկարը, ԿԺԴՀ-ի դրոշը եւ այսպես կոչված միավորման դրոշը՝ Կորեական թերակղզու պատկերմամբ, որի ներքո երկու երկրների մարզիկները կանցնեն Խաղերի բացման արարողությանը: Ոստիկանները կրակը մարել են կրակմարիչների օգնությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: