ԵԼՔ-ի ողջ թշվառությունն ու սնանկությունը՝ մեկ լուսանկարում


14:41 , 20 հունվար, 2018

Այս լուսանկարն արվել է երեկ՝ ԵԼՔ-ի երթի ժամանակ։ Սա ավելին է, քան լուսանկար, քանի որ ի ցույց է դնում մի տխուր, բայց պարզ փաստ․ ԵԼՔ-ն ընդդիմություն է միայն մի քանի առցանց լրատվամիջոցների ու մի քանի քաղակտիվիստների աչքերում։

Ու որպեսզի հիմնավորեմ ասածս, բերեք մոտավոր թվեր հաշվենք։ Թափորի երկարությունը չի գերազանցում 100 մետրը, ինչը կարելի է հասկանալ աչքաչափով, իսկ եթե աչքաչափից թույլ ես, ապա բազմապատկեք մեքենայի միջին երկարությունը ձախ մայթի վրա կանգնած մեքենաների թվով։ Ստացվում է մոտավորապես 15 մեքենա, և բազմապատկենք այդ 15-ը 4,5 մետրով (հենց այդքան է մեքենայի միջին երկարությունը)։ Ստացվում է մոտ 70 մետր։ Այնուհետև վերցնում ենք փողոցի լայնությունը, որը կազմում է 10 մետր, դրանից հանում ենք 3 մետր, որը զբաղեցնում են կայանված մեքենաները։ Ստացվեց, որ երթի զբաղեցրած մակերեսը ոչ ավելին է, քան 500 քառակուսի մետրը։ Երթի ժամանակ, եթե շատ խիտ երթ է, քառակուսի մետրի վրա քայլում է միջինը 2 մարդ։ Ենթադրենք, որ այս երթը շատ խիտ է, ինչն այդպես չէ, ստացվում է, որ լուսանկարում մենք տեսնում ենք մոտ 1000 մարդ։ Այս թվից եթե հանում ենք քաղաքացիական հագուստով ոստիկաններին ու պատահական անցորդներին, ապա ստացվում է, որ ԵԼՔ-ի երթին մասնակցել է պլյուս-մինուսով 700 քաղաքացի՝ ներառյալ հենց ԵԼՔ-ական ակտիվը։

Սա նշանակում է, որ ԵԼՔ-ը, որը Երևանի ավագանու ընտրություններում շուրջ 70000 ձայն էր հավաքել, չի կարողացել նույնիսկ իրեն քվե վստահած քաղաքացիների 1 տոկոսից ավելիին համոզել, որ դուրս գան փողոց։ Ու սա՝ ԱԺ ընտրություններից դեռ մեկ տարի էլ չանցած ժամանակամիջոցում։ Այս ցուցանիշով ԵԼՔ-ը մթագնեց նույնիսկ ՀԱԿ-ի հակառեկորդը։

Այսքանը գրում եմ ոչ թե չարախնդալու համար, այլ որպեսզի ԵԼՔ-ի տիկնայք ու պարոնայք բաց անեն աչքերն ու հասկանան, որ համակարգային խնդիր ունեն։ Ըստ իս՝ խնդիրը նրանում է, որ էլեկտորատը հոգնել է էժան քաղաքական շոուներից ու պոպուլիզմից, հոգնել է ու հիասթափվել է, որ ԵԼՔ-ը միակ ընդդիմություն լինելու փոխարեն խաղում է իրարից բեխաբար քաղաքական վարձկանների դեր իշխանական բևեռների դիմակայության ժամանակ։ Ու վերջապես, հոգել է, որ, չաչանակելուց բացի, ոչինչ չեն անում։ Գործ արե՛ք, պարոնա՛յք և տիկնա՛յք։ Հակառակ դեպքում դուք շատ ավելի արագ կհայտնվեք քաղաքական լուսանցքում, քան դա արեցին ձեր «ոչ ինստիտուցիոնալ» նախնիները։