«Վաստակավոր արտիստ» Մհեր Արմենիայի ու նորելուկ երգչուհի Ռոզա Ֆիլբերգի պարագայում պլագիատը դարձել է ընտանեկան բիզնեսի պես մի բան


17:00 , 17 հունվար, 2018

Սա էլ որերորդ դեպքն է, որ հայ երգիչներն առանց փոքր-ինչ ամոթ զգալու դիմում են էժանագին պլագիատին:
Ոմանց մոտ պլագիատը նույնիսկ բնավորության գիծ է դարձել: Էլ ներվերս չի հերիքում, պիտի ասեմ։ Օրինակ՝ «Վաստակավոր արտիստ» Մհեր Արմենիայի պարագայում պլագիատը դարձել է ընտանեկան բիզնեսի պես մի բան, ու դա ասում եմ՝ հիշելով նրա քրոջ՝ նորելուկ երգչուհի Ռոզա Ֆիլբերգի հերոսությունը։ Հետաքրքիր է, ի՞նչ են մտածում քույր ու եղբայր, երբ բոլորին փորձում են հիմարացնել: Իրենց «անկրկնելիությամբ» ու «տաղանդով» հիացած՝ նրանք երևի չեն նկատել, որ մենք էլ ենք այս աշխարհից ու գուցե իրենցից էլ շուտ տեղեկանում ենք շոու բիզնեսի նորություններին:

Հիշո՞ւմ եք, անցած տարի այս ժամանակ ոնց հաղորդավարուհի Դիանա Մալենկոն առանց կաշկանդվելու ուղիղ եթերում պորտատեղադրում արեց՝ բարձրաձայնելով այն մասին, որ Ռոզայի նոր «Primavera» տեսահոլովակն ամբողջությամբ Դուա Լիպայի «Be The One» երգի տեսահոլովակի կրկնությունն է: Ճիշտ է, նրանք այդպես էլ չընդունեցին այդ փաստը՝ ասելով, որ միգուցե Ռոզան կերպարային ինչ-որ նմանություն ունի Դուա Լիպայի հետ, բայց իրենք հաշվի չեն առել տվյալ երգչուհու տեսահոլովակի կադրերը Ռոզայի տեսահոլովակը նկարահանելուց առաջ: Այնուամենայնիվ, մենք հո գիտենք, որ այդպես էր:

Հիմա էլ Մհերը։ Երևի գիտեք, որ մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին: Ուրեմն՝ այս պարզամիտ երիտասարդն այսօր ներկայացրեց իր երգը, որով պատրաստվում է մասնակցել «Եվրատեսիլ»-ին: Առաջին բանը, որ մտքիդ գալիս է Մհերի երգը լսելիս, այն է, որ անամոթաբար արված պլագիատ է, ավելի կոնկրետ՝ հանրահայտ Queen խմբի «Who wants to live forever» երգի էժան նմանակումն է: Լավ էլի, ասենք՝ աբսուրդ է իրեն ուղարկելը: Մհերին երևի չեն ասել, որ «Եվրատեսիլ»-ն իր նման «վաստակավորների» տեղը չէ, այն էլ՝ այդ երգով: Արդարության համար նշեմ, որ ոչ վաղ անցյալում «Եվրատեսիլ 2015»-ի հաղթող երգը ևս պլագիատ էր: Շվեդիայի մասնակցի «Heroes» երգն ուշադիր լսելով կարելի էր հասկանալ, որ այն շատ-շատերիս կողմից սիրված David Guetta-յի «Lovers On The Sun» երգն էր: Այնպես որ, Մհեր ջան, դեռ ամեն ինչ կորած չէ: Փորձիր, գուցե մի բան ստացվի անգամ պլագիատով: