Ալեքսանդր Մակեդոնացու և նրա հավատարիմ ձիու՝ Բուցեֆալի պատմությունը


21:00 , 13 հունվար, 2018

Շատերն են լսել Ալեքսանդր Մակեդոնացու մասին, ով մակեդոնական հզոր արքա է եղել: Հետաքրքիրն այն է, որ Մակեդոնացու ձին՝ Բուցեֆալը, պատմության մեջ է անցել իր տիրոջ հետ միասին:

Ցանկանում ենք Ձեզ որոշ փաստեր ներկայացնել այն մասին, թե ինչպես այդ ձին դարձավ Ալեքսանդրինը: Ի դեպ՝ այս մասին բավական մանրամասն գրել է հին հույն փիլիսոփա և կենսագիր Պլուտարքոսը:  

Մակեդոնացին չափազանց քաջ է եղել դեռ մանկուց: Մի անգամ նրա հորը՝ Ֆիլիպ II-ին, խորհուրդ տվեցին 11-ամյա որդու համար Բուցեֆալ անունով հովատակին գնել:

Այստեղ հարկ է նկատել, որ «Բուցեֆալ» բառն առաջացել է հունարեն «Բուկեֆալ»-ից, որը նշանակում է «Ցլագլուխ»: Եվ իսկապես, առաջարկվող ձիու գլխի ձևը արտասովոր էր և ցլի գլուխ էր հիշեցնում:

Վաճառականը դրա համար պահանջեց 13 տաղանդ, որը հսկայական գումար էր, հավասար էր մոտավորապես 340 կգ արծաթի: Ըստ այդ չափանիշի՝ գումարն ահռելի մեծ էր անգամ շատ լավ ձիու համար:

Հաշվի առնելով այն փաստը, որ ձին վայրի էր և անսանձ, Ֆիլիպն առանց երկար մտածելու որոշեց հրաժարվել գնումից:

Մակեդոնացին և Բուցեֆալը

Դրանից նեղացած՝ Ալեքսանդրը, ով այն ժամանակ ընդամենը 10-11 տարեկան էր, բղավեց.

- Հայրի՛կ, միայն այն բանի պատճառով, որ դու չես կարողանում, ինչպես հարկն է, ձի քշել, հրաժարվո՞ւմ ես հիանալի ձիուց:

Բարկանալով՝ Մակեդոնիայի տիրակալը պատասխանեց.

- Գրազ կգամ, որ դու չես կարողանա այդ ձիուն սանձել: Սակայն եթե դա քեզ հաջողվի, ես կգնեմ այն քեզ համար:

Ալեքսանդրն արագ վերադարձավ, մոտեցավ Բուցեֆալին, բռնեց նրա սանձից և պտտեցրեց հակառակ արևին: Նա դա արեց այն պատճառով, որովհետև միանգամից նկատել էր, որ ձին վախենում է սեփական ստվերից: Այնուհետև սկսեց գուրգուրել ձիուն, խոսել, վազվզել դրա հետ՝ անդադար ստիպելով, որ կենդանին շարժման մեջ գտնվի: Երբ Բուցեֆալը վարժվեց Ալեքսանդրի ձայնին և սկսեց ծանր շնչել, ապագա հրամանատարն արագ հանեց իր վերարկուն և թռավ ձիու վրա:

Նույն վայրկյանին ձին սկսեց գալարներ անել, այս կողմից այն կողմ թռչել, հետևի ոտքերի վրա կանգնել, որպեսզի մեջքի ծանրությունը ներքև նետի: Տղան քաջությամբ մինչև վերջ մնաց ձիու մեջքին, մինչև որ վերջինս վարժվեց մեջքի ծանրությանը:

Այսպես հայտնի Բուցեֆալը խաբվեց Ալեքսանդր Մակեդոնացու կողմից, որից հետո ձին դարձավ նրա հավատարիմ ընկերը, ուղեկիցն ու դաշնակիցը՝ աշխարհը գրավելու համար:

Դեպի Պարսկաստան կատարած արշավանքներից մեկի ժամանակ հետաքրքիր դեպք պատահեց Ալեքսանդրի ռազմական ընկերոջ հետ: Բարբարոսները գողացան նրան, որից հետո Մակեդոնացին հայտարարեց.

- Եթե նախատեսված ժամանակամիջոցում իմ ձին հետ չվերադարձվի, ես կոչնչացնեմ ձեր ողջ ազգը:

Իհարկե, Բուցեֆալը կառավարչին վերադարձվեց ողջ և առողջ վիճակում: Թվում է, թե սա մարտական իրավիճակին բնորոշ դեպք էր, սակայն այն հստակորեն ցույց է տալիս, թե ինչքան կապված էր իր ձիու հետ Մակեդոնացին:

Հետաքրքիր է իմանալը նաև, որ Բուցեֆալն ուներ տարբերակիչ առանձնահատկություն. նրա ոտքերին սովորականից ավելի շատ մատներ կային:

Իր հավատարիմ ընկերոջ անունով Մակեդոնացին քաղաք է  կոչել՝ «Բուցեֆալա»: Այս քաղաքը մինչ օրս գոյություն ունի, գտնվում է Պակիստանի տարածքում, սակայն այժմ անվանվում է Ջալալպուր: