Էստոնիան վավերացրել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի փաստաթուղթը


18:42 , 12 հունվար, 2018

Երեկ հայտնի դարձավ, որ Էստոնիան ավարտել է Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգերը՝ դառնալով ԵՄ առաջին երկիրը, որ վավերացրել է այս փաստաթուղթը:

Այս կապակցությամբ երկու դիտարկում ավելացնեմ՝

1. Էստոնիայի պարագայում երկրի իրավական ընթացակարգերը չեն պահանջել համաձայնագրի քննարկում և վավերացում էստոնական խորհրդարանի կողմից․ դա արվել է գործադիր իշխանության մակարդակով:
2. Էստոնիայի կողմից վավերացման փաստը ուժի մեջ կմտնի Եվրոպական միության խորհրդի տեղեկագրում այն հրապարակելուց հետո:

Բոլոր դեպքերում սկիզբը տրված է: Հուսամ՝ ԵՄ անդամ մյուս երկրները նույնպես հետևողական և արագընթաց վավերացում կապահովեն Հայաստան-ԵՄ համաձայնագրի համար: