Արցախում զբոսաշրջային այցելությունները 41 տոկոսով աճել են


20:00 , 11 հունվար, 2018

Արցախում 2017 թվականին զբոսաշրջային այցելությունները 2016-ի համեմատ աճել են 41 տոկոսով: Նույն ցուցանիշը 2015-ի համեմատ աճել է մոտ 30 տոկոսով: Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության զբոսաշրջության վարչության պետ Արտակ Գրիգորյանը:

«Մենք նաև ցուցանիշները համեմատում ենք 2015 թվականի հետ, որովհետև հայտնի է, որ 2016 թվականին զբոսաշրջության բնագավառում ունեցանք անկում: Երբ խոսում ենք զբոսաշրջության աճի մասին, ասել, որ միայն 2017-ի իրականացրած աշխատանքի արդյունքում է, ճիշտ չէ: Այս արդյունքը վերջին տարիների ակտիվ քարոզարշավի շնորհիվ է »,- ասաց Արտակ Գրիգորյանը:

Զբոսաշրջիկների աշխարհագրությունը տարեցտարի ընդլայնվում է: Այցելությունների թվով առաջին տեղում ՌԴ-ի քաղաքացիներն են, այնուհետև՝ ԱՄՆ-ինը, Ֆրանսիայինը, Իրանինը և այլն:

Արցախի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների միջոցով կատարված ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնական զբոսաշրջային վայրերը տուրիստների հետաքրքրությունների շրջանակում են:

Մասնավորապես Ստեփանակերտը, Շուշին, Գանձասարը, Տիգրանակերտն այցելությունների քանակի աճ ունեն:

«Նախատեսում ենք մասնակցել միջազգային ցուցահանդեսներին: Այս տարի Ռուսաստանից ենք սպասում այցելությունների աճ, որովհետև այս շուկան թիրախավորել ենք: Աշխատում ենք նաև եվրոպական ուղղությամբ»,-նշեց Արտակ Գրիգորյանը: