Իրաքի տարածքում 2014թ. օգոստոսին իրականացված գործողությունները ցեղասպան են, ցեղասպանության դրսևորում, ցեղասպանություն


17:36 , 11 հունվար, 2018

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօրվա նիստում կարևոր որոշում է կայացրել՝ դրական եզրկացություն տալով "Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին" Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագծին, որով Հայաստանը ճանաչում և դատապարտում է մարդկության դեմ այս ոճրագործությունը:

Նման հարցերը կարևոր են թե մարդասիրական, թե իրավական, թե քաղաքական տեսակետներից: Բառապաշարը և ձևակերպումները միշտ չէ, որ բավարարում են բոլորին: Լինելով ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, մենք լավագույնս ենք հասկանում մեր բարեկամ եզդի ժողովրդի վիշտը, ամոքում ենք և սպիացնում նրա վերքերը:

Իրաքի տարածքում 2014 թվականի օգոստոսին իրականացված գործողությունները ցեղասպան են, ցեղասպանության դրսևորում, ցեղասպանություն:

Իրավա-քաղաքական ինչպիսի ձևակերպումներ տեղ կգտնեն վերջնական տեքստում կախված է Ազգային Ժողովից, որի ուշադրությանը ես և իմ գործընկերներ Ռուստամ Մախմուդյանն ու Վահրամ Բաղդասարյանը կներկայացնենք հայտարարության լրամշակված տարբերակ: Հարկ է նշել, որ նման նախաձեռնությամբ դեռևս նախորդ գումարման ընթացքում հանդես են եկել պատգամավորներ Թևան Պողոսյանը, Վահե Էնֆիաջյանը, Նաիրա Զոհրաբյանը և այլն:

Վստահ եմ, որ այս անգամ մենք մինչև վերջ կանցնենք այս ճանապարհը, որը տանում է դեպի ավելի մարդասիրական, արդար և ապահով աշխարհակարգ, քանզի առանց ցեղասպանությունների ճանաչման չկա ցեղասպանությունների լիարժեք կանխարգելում: