«Հայկական ժամանակ». Ուսումնական տարվա կեսից բարձրացվել են Երևանի երաժշտական ու արվեստի դպրոցների վարձավճարները


09:30 , 10 հունվար, 2018
«Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում վարձավճարների չափն այս տարվանից փոփոխվել է: Դեռ նախորդ տարեվերջից հայտնի էր դարձել, որ ուսման վճարների չափը բարձրանալու է այն երե­խաների դեպքում, որոնց ծնողներից գոնե մեկը Երևանի հաշվառում չու­նի: Պարզվում է, որ այսու­հետև ավելի շատ են վճա­րելու նաև մայրաքաղաքի հաշվառում ունեցողները:
 
Քաղաքապետարանից առիթի դեպքում ընդգծում են, որ տեղի ունե­ցածը ոչ թե վարձավճարի բարձ­րացում է, այլ փոփոխություն, այ­սինքն՝ մի դեպքում դրա չափն ավե­լացել է, մյուսում՝ նվազել: Նվազման օրինակներ մեզ հայտնի չեն: Նախ­կինում կրթական այդ հաստատություններից որոշներում մեր հար­ցումների ընթացքում էլ վարձավճա­րի նվազման մասին խոսք չկար: «Վարձավճարները թանկացել են, և այդ մասին մենք իմացել ենք երեկ չէ առաջին օրը: Անձամբ ես այդ ժամանակ եմ իմացել: Նախա­պես ուղղակի անձնագրի պատճեն­ներն էին պահանջել, որ ծնողը հաշվառված է Երևանում: Այդ ժամա­նակ ասացին, որ դա քաղաքապետարանից են ուզել, որպեսզի եթե ծնողը այստեղ է հաշվառված, վարձավճարը չթանկանա: Երեկ չէ առաջին օրը ուսուցչի հետ խոսեցի, ասաց, որ թանկացել է: Դա դեռ քիչ է, պետք է երկու ամսվանը նախօրոք վճարել»,- մեզ հետ զրույցում ասաց երկու երեխաների մայր Հռիփսիմե Ավագյանը: Նրա աղջիկները հա­ճախում են Երևանի արվեստի դպ­րոցներից մեկը: Սովորում են դաշ­նամուրի և ջութակի բաժիններում: Հռիփսիմե Ավագյանը նաև հավելեց, որ յուրաքանչյուր ամսվա վարձավճարը պետք է մուծել նա­խորդ ամիս: «Եթե ես երկու երեխա­յի համար յուրաքանչուր ամիս վճա­րում էի 12 հազար դրամ, հիմա պետք է վճարեմ 16 հազար: Գումա­րած դրան, եթե երկու ամսվանը հի­մա նախօրոք պետք է վճարեմ, դա կազմում է 32 հազար: Ես չեմ կար­ծում մեր երկրում այնքան հարուստ են մարդիկ, որ իրենց համար դա էա­կան չլինի»,- նկատեց ծնողը: Վերջինիս համար անհասկանալի է, թե ինչ հիմնավորմամբ է քաղաքապե­տարանը բարձրացրել վարձավճա­րի չափը: Նա նաև զարմանում է, որ փոփոխությունները վերաբերում են ոչ միայն այն երեխաներին, որոնք նոր են ընդունվելու երաժշտական ու արվեստի դպրոցներ, այլ նաև արդեն իսկ սովորողներին:
 
«Խնդիրն այն է, որ անգամ բարձ­րագույն ուսումնական հաստատու­թյուններում, անգամ մասնավոր դպ­րոցներում և մանկապարտեզնե­րում երեխայի ընդունվելուց հետո վարձավճարի փոփոխություն չի լի­նում: Եթե փոփոխություն կատար­վում է, դա վերաբերում է միայն նոր ընդունվողներին, որովհետև գի­տակցում են, որ դա կարող է ընտա­նիքի բյուջեի վրա ազդեցության ու­նենալ: Մարդիկ համարել են, որ տվ­յալ վարձավճարի չափը իրենց հարմար է, դրա համար են դիմել տվ­յալ հաստատություն: Հիմա, երբ որ նմանատիպ փոփոխություն է լինում, շատերը կարող են ուղղակի դուրս գալ, որովհետև եթե վճարում էին 4 հազար դրամ ինչ-որ մի առարկայի համար (կարծեմ նկարչությունը այդքան է), հիմա միանգամից 8 հա­զար դրամ է բարձրացվել: Ու այդ պատճառով տուժելու են նաև դպրոցները»,- նկատեց Հռիփսիմե Ավագյանը՝ արձանագրելով, որ մեր երկրում և ոչ մի ոլորտում հնարա­վոր չէ ապագան պլանավորել, որովհետև մի օր էլ կարող ես արթ­նանալ ու պարզել, որ քեզ առնչվող նոր որոշումներ են ընդունվել:
 
Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից ավելի վաղ մեզ փոխանցված տեղե­կատվության համաձայն՝ մայրա­քաղաքի երաժշտական և արվես­տի դպրոցներում ուսման վարձավ­ճարները նախկինում եղել են 3 000- 12 000 դրամ (դրանք սահմանել են դպրոցներն իրենք): Այժմ Երևանի հաշվառում ունեցող ծնողների երե­խաների համար այդ վարձավճարը կազմում է 8 000 դրամ, հաշվառում չունեցողների երեխաների դեպքում 8 000-17 500:
 
Քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մեզ հետ զրույցում վստա­հեցրեց, որ համայնքային բյուջեն համալրելու նպատակ չի հե­տապնդվել և եկամուտների ավելա­ցում չի նախատեսվում: Ընդհակա­ռակը, ըստ նրա, այս ոլորտում ծախ­­սերն ավելանալու են 200 միլիոն դրամի չավով, որովհետև ուսում­նական հաստատությունների ֆի­նանսավորումն իրականացվելու է ըստ աշակերտների թվի: Ինչ վերա­բերում է հարցին, թե ինչու փոփոխությունները չեն վերաբերում միայն նոր ընդունվող երեխաներին ու չեն կիրառվում նոր ուսումնական տար­վանից սկսած, Նիկոյանը պատաս­խանեց, որ դա հնարավոր չէ՝ բերելով հետևյալ հիմնավորումները: «Նախ «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփո­խություն է տեղի ունեցել, որի համա­ձայն երաժշտական և արվեստի դպրոցների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց վճարում­ները համարվում են տեղական վճարներ, որոնք նախկինում այդ­պես չեն եղել»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: