Մինչև ներկայիս Սպիտակ Եղեռնը չդադարեցնենք, 1915թ.-ի Եղեռնը չեն ճանաչելու


14:26 , 25 ապրիլ, 2013

Եվս մեկ անգամ հարգեցինք Եղեռնի զոհերի հիշատակը՝ ՝ պահանջելով միջազգային հանրությունից դարասկզբի ոճրագործության ճանաչում: Ինչպես միշտ, մեր ազգին բնորոշ կեղծ բարեպաշտությամբ շղարշված, շատերը նույնիսկ առանց ներքին համոզման շտապեցին Ծիծեռնակաբերդ, իսկ լրատվամիջոցները միայն ապրիլի 24-ին արեցին ամեն ինչ՝ օտարին մեր ցավին հաղորդակից դարձնելու համար: Բայց ինչպե՞ս ենք մենք համարձակվում համայն աշխարհին պարտադրել կամ խնդրել ճանաչել Հայկական հարցը, երբ մեր երկրի ներսում դեռ շատ անելիքներ ունենք, որոնք ամաչելու տեղիք են տալիս: Ինչպե՞ս կարող ենք պահանջել Ցեղասպանության ճանաչում, երբ մեր հեռուստաալիքներում և փողոցներում անարգել շարունակում են հնչեցնել թուրքական մուղամներով համեմված ռաբիսը կամ էստրադային միջակությունների ոռնոցները, երբ մեր ազգային երգն ու երաժշտությունը Հանրային կամ մասնավոր հեռուստաալիքների եթերից հնչեցնելը պետք է լիներ պետական հոգածության խնդիր: Ինչպե՞ս կարող ենք պահանջել արդարություն, երբ մեր երկրի ներսում որևէ ոլորտում արդարություն չկա, երբ օրենքները չեն գործում, երբ ոստիկանները կարող են պաշտպանելու փոխարեն ահաբեկել քաղաքացիներին, երբ օլիգարխները չեն ենթարկվում օրենքներին և կարող են օրը ցերեկով հանրային օգտագործման բակն ու փողոցը իրենց հաճույքի համար վերածել ռազմական թատերաբեմի և անարգել մարդկանց սպանել: Ինչպե՞ս կարող ենք թուրքերից պահանջել մեր պապերի հողերը, երբ մեր ներկայիս երկրի ամեն թիզը վաճառում են ում պատահի: Աթոռներին նստած պաշտոնյանները ինքնաբերաբար և պարտադրված գալիս ու ծաղկեպսակներ են դնում Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրին՝ մոռանալով, որ մեր հողերը վարձակալությամբ տվել են պարսիկներին՝ ոչխար արածացնելու համար: Ինչպե՞ս ենք մեր Սփյուռքին համախմբվածության կոչ հղում, երբ նույն Սփյուռքի նախարարը հենց հուշահամալիրի տարածքում անսանձ ժպիտով ու քրքիջով է բարևում շրջապատող տղամարդկանց: Ինչո՞ւ ենք պատմական փաստերը մեջբերելով աղաղակում, որ 1,500000 հայերի են բնաջնջել ու տեղահանել, երբ ներկայումս շարունակվում է հայերի տեղահանությունը, և մարդիկ ընտանիքներով հեռանում են Հայաստանից: Մինչև մեր երկիրը ներսից պառակտող ու կրծող թշնամուն չվերացնենք՝ մեզ միջազգային ասպարեզում ոչ ոք չի հարգելու, մինչև ներկայիս Սպիտակ Եղեռնը չդադարեցնենք, 1915թ.-ի Եղեռնը չեն ճանաչելու: