Հորդանանում կանխվել է պետական հեղաշրջումը. պատվիրատուները բացահայտված են


14:15 , 31 դեկտեմբեր, 2017

Հորդանանում կանխվել է պետական հեղաշրջումը. պատվիրատուները բացահայտված են

Իրավիճակը Մերձավոր Արևելքի ամենահանգիստ երկրներից մեկում՝Հորդանանում, կտրուկ լարվել է...Բրիտանական "Էքսպրես" պարբերականի տվյալներով` Հորդանանի թագավոր Աբդալլահ Բ-ի հրամանով երկրում պետական հեղաշրջում կազմակերպելու մեղադրանք է առաջադրվել թագավորի երկու եղբայրներին՝Ֆեյսալ բեն Ալ-Հուսեյնին,Ալի բեն Ալ-Հուսեյնին և նրանց բարեկամին՝Թալալ բին Մոհամադին...Բոլոր մեղադրյալները ձերբակալված են... Հորդանանի անվտանգության ծառայություններին հայտնի է դարձել նրանց գաղտնի կապի մասին Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ բին Սալման Ալ-Սաուդի և Միացյալ Արաբական Էմիրությունների թագաժառանգ Մոհամադ բին Զայեդ Ալ-Նահայանի հետ...Ըստ հորդանանյան հետախուզական ծառայությունների տվյալների` Անդալլահ Բ-ի ձերբակալված բարեկամները կապի մեջ են մտել Էր Ռիադի և Աբու Դաբիի հետ՝նպատակ ունենալով գահըկեց անել Հորդանանի թագավորին և կանխել նրա թագաժառանգի՝ Հուսեյնի իշխանության գալը... 
Իտալական ANSA գործակալությունը դեռ դեկտեմբերի 28-ին էր տարածել հաղորդագրություն,ըստ որի,Աբդալլահ Բ-ն իր եղբայրներին և բարեկամին հեռացրել էր երկրի զինված ուժերում և հետախուզական ծառայությունում զբաղեցրած բարձր պաշտոններից... 
Հորդանանում գահի համար պայքարը սկսվել էր դեռ 2009 թ-ին,երբ արևմտամետ և "չեզոք ու չմիջամտելու քաղաքականության" կողմնակից Աբդալլահ Բ-ն զրկեց իր հարազատ եղբորը՝Համզային թագաժառանգի կոչումից և թագաժառանգ ճանաչեց հարազատ որդուն՝Հուսեյնին... Հաշիմյան թագավորությունում գլուխ բարձրացրած դժգոհություններից փորձեցին օգտվել Ամմանի արտաքին քաղաքականությունից դժգոհողները՝Սաուդյան Արաբիան և ՄԱԷ-ն...Էր Ռիադը և Աբու Դաբին սարսափելի դժգոհ են Աբդալլահ Բ-ի սիրիական և իրանական քաղաքականությունից,երբ Ամմանը կտրականապես հրաժարվեց դառնալ պլացդարմ,գոնե բացահայտ,Բաշար Ասադի հակառակորդների և այն ահաբեկչական կազմակերպությունների համար,որոնց թիկունքում կանգնած էին ՄԱԷ-ն,Սաուդյան Արաբիան և Քաթարը...Իսկ Իրանի հարցում Աբդալլահ Բ-ն վարում է բավական զգուշավոր քաղաքականություն... 
2016 թ-ի հունվարի 1-ին,երբ Սաուդյան Արաբիայում մահապատժի ենթարկեցին 47 մարդու,այդ թվում նաև հայտնի շիա քարոզիչ Նիմրա ալ-Նիմրային, իրավիճակը տարածաշրջանում կտրուկ սրվեց՝շատ սուննի մահմեդական երկրներ խզեցին իրենց դիվանագիտական կապերը Թեհրանի հետ՝Իրանի մայրաքաղաքում և Մաշհադում սաուդյան դիվանագիտական ներկայացուցչությունների վրա հարձակումների պատճառով,Ամմանն ավելի զուսպ իրեն պահեց...Հորդանանի ԱԳՆ կանչվեց երկրում Իրանի դեսպանը,որից պահանջեցին բացատրություններ տալ...Սակայն հորդանանյան իշխանությունների այս պահվածքը բացարձակ դուր չեկավ Էր Ռիադին,որը սպասում էր Ամմանի կողմից էլ ավելի կտրուկ քայլերի...Որքան կարելի է կռահել,սաուդցիների և էմիրաթցիների համբերության "բաժակը լցվեց" 2017 թ-ի հունիսի 5-ին ծագած Քաթարյան դիվանագիտական ճգնաժամի ժամանակ Ամմանի դիրքորոշումից...Աբդալլահ Բ-ն չհետևեց Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի, Եմենի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Լիբիայի և Մալդիվների օրինակին և չխզեց դիվանագիտական հարաբերությունները Դոհայի հետ...Ամմանը բավարարվեց երկրում քաթարական Ալ-Ջազիրա հեռուստաընկերության տեղական ծառայությունը փակելով և Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունների կրճատումով... 
Ամմանի անկախ և կշռադատված արտաքին քաղաքականությունն այնքան է զայրացրել Սաուդյան Արաբիային,որ վերջինս տարածաշրջանային իր թիվ մեկ սատելիտի՝ՄԱԷ-ի հետ որոշել են ճանապարհից մաքրել Աբդալլահ Բ-ին և Ամմանում իշխանության բերել մեկին,ով հետագայում կպարի Էր Ռիադից հնչող "երաժշտության տակ"...Սակայն հորդանանյան հետախուզությանը հաջողվել է կանխել թագավորի դեմ կազմակերպված դավադրությունը... 
Ի դեպ,Հորդանանը համարվում է ԱՄՆ-ի առաջնակարգ գործընկերներից մեկը տարածաշրջանում...Ամմանը զբաղեցնում է երրորդ տեղն աշխարհում Իսրայելից և Եգիպտոսից հետո՝ԱՄՆ-ից ստացվող ռազմական և ֆինանսական օգնության չափով.ամեն տարի Վաշինգտոնը Հորդանանին է տրամադրում 1 միլիարդ ԱՄՆ դոլլարի օգնություն... 
Համոզված եմ,որ Իրանում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները,ինչպես նաև Հորդանանում պետական հեղաշրջում կազմակերպողները, ղեկավարվում են նույն կենտրոններից... 
Հ.Գ.Վերջին երկու տարում Սաուդյան Արաբիան տարրական տանուլ է տալիս Մերձավոր Արևելքում,որի արդյունքում էլ ավելի է ագրեսիվացել...Եմենում հուսիների և Սիրիայում Ասադի իշխանության դեմ անհաջող պատերազմների արդյունքում Էր Ռիադը սկսեց փնտրել դավադիրների իր ձևավորած "կոալիցիայի" ներսում...Փորձեր կատարվեցին հեղաշրջումներ կազմակերպել Քաթարում,իսկ հիմա էլ Հորդանանում,որոնք ավարտվեցին անհաջողությամբ... Արդյունքում սաուդացիները ոչ միայն ստիպված են պայքարել Իրանի դեմ, այլև, վատթարացնելով հարաբերությունները Դոհայի և Ամմանի հետ, նոր թշնամիներ են ձեռք բերում...Հորդանանի Հաշիմյանները և Քաթարի Ալ-Թանիները չեն մոռանա Ալ-Սաուդների այս դավադրությունները...