Հարուստներն ու աղքատները երջանությունը տարբեր կերպ են ընկալում. գիտնականներ


23:00 , 28 դեկտեմբեր, 2017

Հարուստ մարդիկ երջանկություն են զգում իրենց իսկ մասին մտքերից, միևնույն ժամանակ պակաս հարուստները հաճույք են ստանում այլ մարդկանց հետ շփումից։ Այս մասին են վկայում Կալիֆորնիայի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները։

Ամերիկացի մասնագետները հետազոտություն են անցկացրել, որին մասնակցել է 1519 մարդ։ Նրանց հարցեր են տրվել եկամուտների մակարդակի և այն բանի մասին, թե որքան ուժեղ և հաճախ են նրանք երջանկության էմոցիաներ ունենում՝ սեր, բավարարվածություն, ուրախություն, կարեկցանք, հպարտություն և ոգևորություն։

Արդյունքում պարզվել է, որ բարձր եկամուտներով մարդիկ ավելի շատ դրական էմոցիաներ են ստանում այն բանից, որ իրենց հարգում են։ Միջին և ցածր եկամուտ ունեցող կամավորներն առավել հաճախ են ընտրել այլոց մասին հոգ տանելուն առնչվող արտահայտություները։

«Այս հետազոտությունն ապացուցում է, որ փողը չի երաշխավորում երջանկություն, սակայն ունակ է ազդելու այն բանի վրա, թե ինչպես է այն դրսևորվում»,-ասել է Ամերիկյան հոգեբանական ասոցացիայի գիտնական Փոլ Փիֆը։