Ջուդիթ Ֆարնուորթ. Ակնհայտ է առաջընթացը Հայաստանում


19:20 , 20 դեկտեմբեր, 2017

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այսօր Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթի հետ հանդիպմանը բարձր է գնահատել խորհրդարանական ժողովրդավարության անցման ընթացքում ՀՀ ԱԺ կարողությունների ամրապնդմանն ուղղված ծրագրի իրականացումը:

ԱԺ հանրային կապերի վարչության փոխանցմամբ՝ Արա Բաբլոյանն ընդգծել է թե՛ պատգամավորների, թե՛ աշխատակազմի հմտությունների զարգացման ուղղությամբ իրականացվող սեմինարների կարևորությունը՝ նշելով, որ դրանք կնպաստեն աշխատանքի արդյունավետությանը, խորհրդարանի ինստիտուցիոնալ հզորացմանը և վերահսկողական մշակույթի ձևավորմանը:
ՀՀ ԱԺ նախագահը ուրախությամբ փաստել է, որ ծրագիրը Հայաստանում իրականացվում է խորհրդարանական կառավարման երկարամյա փորձ ունեցող երկրի աջակցությամբ: Նրա խոսքով՝ անելիքները շատ են, սակայն քայլ առ քայլ առաջ ընթանալով՝ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի:

Դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը նշել է, որ մեծ է Հայաստանի հետ համագործակցելու, խորհրդարանի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու ցանկությունը: Դեսպանը, անդրադառնալով ՀՀ ԱԺ աշխատակազմի հմտությունների և կարողությունների զարգացմանը նպաստող ծրագրին, կարծիք է հայտնել, որ այն կօգնի աշխատակազմին ավելի արդյունավետ աշխատել և կազմակերպել գործունեությունը: Տիկին Ֆարնուորթը նշել է, որ տարիներ հետո ՀՀ Ազգային ժողովն առչնվելու է նույն մարտահրավերներին, ինչ այսօր բրիտանական խորհրդարանը:

Դեսպանը կարևորել է իրազեկման ուղղությամբ տարվող աշխատանքները, որոնց շնորհիվ քաղաքացիները պատկերացում են կազմում, թե այս կամ այն օրենքի նախագծի հիմքում ինչ արժեքներ են դրված:

Ջուդիթ Ֆարնուորթի գնահատմամբ՝ ակնհայտ է առաջընթացը Հայաստանում. դրական ազդակներ են ստացվում, և աշխարհում բարձրացել է երկրի վարկանիշը: