00:52 , 24 ապրիլ, 2013Արթուր Բաղդասարյանն էլ Նվեր Մնացականյանի հյուրն էր: Խոսում էր Արմեն Երիցյանի մասին: Թողնենք Բաղդասարյանին, քանի որ Երիցյանին քննարկելն էլ պակաս հետաքրքիր թեմա չի: Եվ այսպես: Իր հանդիպումներում Երիցյանը խոսում է «Պապայի բալեքի», ովքեր խելոք չեն մնում, ականջները կտրելու, հաբռգածների ոտքերը ջարդելու, մարդկանց ցուցակագրող ու վախեցնող ճիճուներին, մեղմ ասած, գրողի ծոցը ուղարկելու մասին և այլն, և այլն: Համաձայնեք՝ հետաքրքիր տիպաժ ա գեներալ Արմենը: Արտակարգ իրավիճակների նախարարը, ով, ինչ խոսք, ազնվորեն պետք է ասել, հրաշալի ղեկավարում է նախարարությունը, այն դարձրել է աշխարհի լավագույն նախարարարություններից մեկը` ի պատիվ մեր երկրի, իրեն զգում է ինչպես ձուկը ջրում:
Ի՞նչ է անում կամ ասում Երիցյանը: Ասում է՝ բոլոր կուսակցությունների ծրագրերն էլ լավն են, սիրուն են, սակայն կատարող է պետք: Ենթատեքստը հասկանում եք չէ՞: Ուզում ա ասի, որ ի՞նչ եք բոբիկացել, ընկել մեյդան, ինձնից լավ ոչ ոք չի կարող կառավարել, իմ բռունցքից ուժեղ բռունցք ոչ մեկդ չունի: Իրավամբ, ճիշտ է ասում: Թեկնածուներից գրեթե բոլորը դաժե մի բրիգադ չեն կարող կառավարել, ուր մնաց մայրաքաղաքը: Ինչևէ, մի հարց է ինձ հուզում էս պատմության մեջ. Արմեն Երիցյան, ուզում ես ընտրվես, որ ի՞նչ անես: Բա Գալուստ Գրիգորիչի գազելները, բա Թոխմախի Մհերի բենզալցակայաններն ու ծնոտ ջարդող ձեռքերը, բա Տարոնի կուտակած միլիոններն ու Գազելի ու տաքսու գծերը, բա Սիթիները, բա Չոռնի Գագիկ Բեգլարյանը, էլ ո՞րն ասեմ, էլ ո՞րը: Կարող եք, ինչպես դուք եք ասում` «չկա մարդ, ումից վախենում եմ, ու ում առաջ ծնկի գամ», այդ մարդ-ամենակարողներին հաղթե՞լ: Բարդ է, Արմեն Երիցյան, շատ բարդ է: Տարոնը նրանց ոչինչ չի կարողանում անել: Դա ակնհայտ է: Չնայած էն, որ Ծառուկյանն ասել է, որ Ձեզ է ընտրելու, ուրեմն մի բան գիտի, գիտի նաև Ձեր կշիռն ու խոսքի արժեքը, որպես գեներալ, որպես նախարար և որպես պարզապես Երևանի մասին մտահոգ մարդ: Էս վերջին նախադասությունը Դուք եք ասել, իմ գնահատականը չէ: Ամեն դեպքում զգույշ եղեք, Արմեն Երիցյան, վտանգավոր է ամեն դեպքում: