Հայտնի հյուրերը՝ «Մեր երազանքի ճանապարհը» ֆիլմի պրեմիերային


13:30 , 20 դեկտեմբեր, 2017

«Մեր երազանքի ճանապարհը». այսպես է կոչվում «Շարմ» ընկերության և Առաջին ալիքի նոր նախագիծը: Յոթ ռեժիսոր, յոթ պատմություն, մեկ ճանապարհ. այս գաղափարն էր միավորել Հրաչ Քեշիշյանին, Արամ Շահբազյանին, Արկա Մանուկյանին, Արեն Մալաքյանին, Էդգար Բաղդասարյանին, Արշալույս Հարությունյանին և Մհեր Մկրտչյանին: Ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը կայացավ երեկ, որին ներկա էին ստեղծագործական կազմը և հայտնի հյուրերը: BlogNews.am-ը ներկայացնում է երեկոյի հետաքրքիր դրվագները: 

Ֆիլմի նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռ երկու տարի առաջ, իսկ գլխավոր չափանիշն այն էր, որ յուրաքանչյուր պատմություն պետք է տեղի ունեցած լիներ վերջին քսանհինգ տարվա ընթացքում, այսինքն՝ անկախությունից ի վեր: Պրեմիերային ներկա չէին Մհեր Մկրտչյանը, ով այժմ իր նոր ֆիլմի հետաարտադրական փուլում է, և Էդգար Բաղդասարյանը, ում «Սիմոնի ճանապարհը» ֆիլմը մասնակցում էր հերթական փառատոնին: 

Էդգար Բաղդասարյանի ֆիլմում նկարահանվել է Շանթ Հարությունյանը, ով սկզբում չգիտեր, որ արդյունքում ստեղծվելու է յոթ նովել: «Բավականին հետաքրքիր նախագիծ է ստացվել, չնայած բոլոր ռեժիսորների ձեռագրերը շատ տարբեր են: Մեր՝ «Սիմոնի ճանապարհը» ֆիլմը, կարծես, արդեն ռեկորդ է սահմանում տարբեր կինոփառատոններում: Դուք տեսաք ֆիլմի կարճ տարբերակը, փառատոնայինը տասնհինգ րոպեով երկար է: Կարծում եմ՝ մնացած ֆիլմերը ևս կարժանանան մրցանակների»,- նշում է դերասանը: 

«Սիմոնի ճանապարհը» ֆիլմի նկարահանումները եղել են Թուրքիայում և Փարիզում և բավականին դժվար են եղել. «Դժվարություններ կային Ֆրանսիայում, քանի որ օդանավակայանում էինք նկարահանում: Ունեինք շատ լավ նյութ, բայց, ցավոք, ջնջեցինք, քանի որ մեզ բռնացրին, և անվտանգության աշխատակիցները պարտադրեցին հեռացնել այն: Թուրքիայում էլ նկարահանումների հարցը խիստ էր դրված, մանավանդ մեզ՝ հայերիս համար: Ամեն ինչ թաքուն էինք նկարահանել։ Ֆիլմում դուք տեսաք մեր նկարահանումների երևի տասը տոկոսը: Եթե ուզում ես լավ գործ անել, կարծում եմ՝ մի քիչ էլ պետք է զգուշանաս և թաքուն նկարահանես»,- ավելացրեց Շանթը: 

Երիտասարդ ռեժիսոր Արեն Մալաքյանը նախ շնորհակալություն հայտնեց, որ իրեն հնարավորություն ընձեռնվեց արդեն հայտնի և փորձառու ռեժիսորների կողքին ներկայացնելու իր պատմություն: «Ձյունը». այսպես էր կոչել իր և իր պապիկի մասին պատմող ֆիլմը, որը նրա ապրումների և հուշերի մասին էր. «Պատմությունը ձյան մասին է, պապիկը ցանկանում է, որ գարնանը ձյուն գա՝ կարծելով, որ այդպես նա կփրկվի: Սա իմ անձնական պատմությունն է, որով փորձեցի կիսվել ձեզ հետ»: 

Ֆիլմում նկարահանվել է Ստեփան Հովհաննիսյանը, ով այժմ նկարահանվում է «Ազիզյանները» սիթքոմում: Նա իր մյուս ընկերների հետ պապիկին փրկելու համար որոշում է խանութից գնել մի պարկ ալյուր՝ փոխարինելով ձյանը, և շաղ են տալիս շենքի տանիքից: Ինչպես ռեժիսոր Արենը նշեց, Ստեփանին գտել էին Ֆեյսբուքից։ Սա Ստեփանի դերասանական առաջին փորձն էր: 

Արկա Մանուկյանի ֆիլմը «Ֆա» նոտայի մասին է, որում նկարահանվել են Արամ Mp3-ը և Իվետա Մուկուչյանը: Արամն ունի խնդիր ամեն ինչ անելու, որպեսզի գտնի այդ կորած նոտան, որպեսզի Հանրապետության հրապարակի ժամի հնչյունները լինեն մաքրամաքուր. «Կարևորն անկեղծությունն էր և պատմության իրական լինելու փաստը, որը փորձել եմ ռեժիսուրական լուծումների շնորհիվ հետաքրքիր դարձնել: Կարճ ֆիլմ է, բայց բավականին երկար ճանապարհ է անցել»:

Արշալույս Հարությունյանի «Մեղրամիս» ֆիլմում նկարահանվել էին Սոս Ջանիբեկյանը, Միշոն, Արման Մարգարյանը, Ավո Խալաթյանը, Արմինե Նազարի-Դեխնավինրին, Անի Պետրոսյանը և այլք: Թեթև, բայց, միևնույն ժամանակ, կարևոր հաղորդագրությամբ ֆիլմ է: Ըստ սյուժեի՝ նորապսակ զույգը պետք է մեկնի Փարիզ՝ մեղրամսի, բայց Սոսը որոշում է՝ մինչև ինքնաթիռ նստելը պետք է կատարեն իրենց քաղաքացիական պարտքը և մասնակցեն ընտրությունների: Արդյունքում ընտրատեղամասում տուփի մեջ ծրարը գցելու փոխարեն աղջիկը գցում է իր անձնագիրը: 

«Այս պատմությունը ինձ շատ ոգևորեց, քանի որ այն շատ նման է մեզ. մենք էլ ենք այդքան էմոցիոնալ, ծայրահեղ, այդքան վատի մեջ լավը գտնող և ճիշտ հակառակը, այսինքն՝ մեզ շատ բնութագրական պատմություն։ Դրա մեջ շատ նուրբ շեշտեր կան, իսկ ինձ համար ամենակարևորը էմոցիոնալ մասն է․ երբ ուզենք, անգամ ամենաանհրապույր կտուրում էլ կարող ենք ստեղծել մեր երազած ռոմանտիկ աշխարհը, ամենակարևորը՝ լինի սեր: Ես շնորհավորում եմ բոլորին։ Աշխատանքներ կային, որոնք առաջին անգամ էի դիտում: Առհասարակ, ֆիլմը մեր էմոցիաների, մեր անցած ճանապարհների, կարոտի, ապրումների մասին է, ամեն ինչի մասին է: Հավատացեք, բարդ նախագիծ էր և կարողացավ իրականություն դառնալ, շատ բծախնդիր և ինքնամոռաց գործին տրվելու ջանքերի արդյունքում»,- նշում է ռեժիսորը: 

«Իմ ֆիլմի տիտրերում գրված է, որ այն նկարահանվել է Լևոն Շահնուրի պատմվածքի հիման վրա: Հերոսի՝ պատերազմի ժամանակ սիրելիին գրած մի նամակից վերցված է մի տող, որը տղաներն արտագրում են և ուղարկում իրենց ընկերուհիներին: Արդյունքում այդ նամակը հայտնվում է թուրքերի ձեռքը, նրանք էլ արտագրում, ուղարկում էին իրենց ընկերուհիներին: Սցենարիստ Հարություն Հարությունյանն էլ գեղեցիկ պատմություն ստեղծեց այդ նախադասության հիման վրա: Սա է պատմության իրական հիմքը: Պատմվածքը կոչվում է «Լուսին կերած նորածինը»։ Փառատոններում մասնակցելու համար թողել ենք այս վերագիրը, որովհետև դրամատուրգիապես մի քիչ այլ ձև է կառուցված»,- պատմում է Արամ Շահբազյանը, ում «Բարև, սիրելիս» ֆիլմը նովելներից առաջինն է: 

Հրաչ Քեշիշյանը ով նկարահանել էր «Հայրը» նովելը, նշեց, որ ֆիլմերի ստեղծման ժամանակ ռեժիսորները երբեք իրար չեն հանդիպել, և քննարկումներ չեն եղել. «Ինչու եմ սա նշում, քանի որ ուզում են նաև ձեր զգացողություններին հավատալ, քանի որ բոլորս արել ենք մի գործ առանց իրար հետ կոնտակտի մեջ մտնելու: Մեր զգացողությունների, մեր երազանքների և այն ճանապարհը, որ մենք անցել ենք քսանհինգ տարվա ընթացքում, նման են իրար: Շատ նման են մեր պատմությունները և այն մարդիկ, ովքեր ապրում են այս երկրում: Սա պատմություն է այս երկրում ապրող մարդկանց մասին, և եթե ավելի կոնկրետանամ իմ նովելի վրա, ապա սա կրկին իրական պատմություն է։ Ես աշխատել եմ սցենարիստ Հարութ Կբեյանի հետ, և մենք հիշեցինք մեր ընկերներից մեկի պատմությունը, որ հենց այդ ընկույզի հետ էր կապված, և դրա շուրջ կառուցեցինք սցենարը: Հավատացեք, դա այնքան իրական է, բոլորիս կյանքում պատահում է այդպիսի դեպք, երբ կարող ես աշխատանքիդ պատճառով մոռանալ քո սիրելիներին ասել կարևոր խոսքերը»: Ֆիլմում նկարահանվել են Խորեն Լևոնյանը, Շաքե Թուխմանյանը և Ժան Նշանյանը:  

Վերջին, այսպես ասած, բոլոր նովելների ամփոփիչը ռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Սեր, երազանքներ» ֆիլմն էր, որտեղ ներկայացված էր բոլոր հերոսների պատմությունը. «Մենք մտածում էինք, որ վերջին նովելը պետք է լինի մի պատմություն, որտեղ մենք տեսնենք բոլոր նովելների գլխավոր դերակատարների խաղը: Խնդիր էր դրված ռեժիսորի և սցենարիստի առջև, որ ցանկալի է՝ վերջին նովելը լինի Նոր տարվա տրամադրության մեջ: Այդ խնդիրը դրել էինք Մհեր Մկրտչյանի առջև։ Նա նայեց բոլոր այն վեց ֆիլմերը և արդյունքում ստեղծեց վերջին՝ «Սեր, երազանքներ» նովելը: Կարծում եմ՝ վատ չի ստացվել»,- եզրափակեց «Շարմ» ընկերության պրոդյուսեր Կարեն Կազարյանը:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի