Ի լրումն հիշողությունների


23:19 , 23 ապրիլ, 2013

«Ի լրումն հիշողությունների՝ վերակենդանանում է հայոց պատմությունը, 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին Կոստանդնուպոլիսի, Սասունի ջարդերը, «Մշակութային» քրիստոնյա Եվրոպայի անտարբերությունը, որով նրանք աչք փակեցին իրենց քրիստոնյա եղբայրների ոչնչացման, հայոց եկեղեցու սեփականության ամոթալի կողոպտման վրա: Վերջին տարիների այս ազգի կրած թուրքական ներխուժումների սարսափը դժվար է հիշել ամբողջությամբ»:
Մաքսիմ Գորկի
1915 թվականը հայոց պատմության ողբերգական ու ցավագին էջերից է, որը մեծ հետք է թողել հայերիս հետագա զարգացման վրա: Դեռևս 1909 թվականի ապրիլի 1-ից մինչև 14-ը տեղի ունեցավ երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածը: Եղեռնը կատարվեց Ադանայի վիլայեթում և խլեց մոտ 30 000 հայերի կյանք: Նրանց կողմից մշակվեց ծրագիր, որը բաղկացած էր 3 փուլից, նախապես բանակ զորակոչվեցին բոլոր 15-45 տարեկան հայ տղամարդիկ և սպանվեցին, ապա սպանվեցին հայ մտավորականները, որոնց թիվն անցավ 800-ից: Երրորդ փուլով թուրք ջարդարարները սկսեցին կոտորել անպաշտպան մնացած հայ բնակչությանը` գերազանցապես կանանց, ծերունիներին և երեխաներին: Կազմակերպվեց զարհուրելի բռնագաղթ, աքսոր, ջարդ: Վան, Կարս, Էրզրում, Արդահան և այսպես շարունակ կարելի է թվել այն հայկական նահանգներն ու քաղաքները, որոնք պատվեցին արյունով և հայաթափվեցին: Ոմանք բռնեցին գաղթի ճանապարհ, ոմանք պայքարեցին մենչև վերջ և մահացան սեփական հողի վրա: Գաղթը իրականացավ ծանր պայմաններում, անբավարար էին տեղափոխության միջոցները, սնունդը, հագուստը, այդ ճանապարհն անորոշ էր, այն տանում կամ դեպի մահ, կամ արդեն անհավատալի թվացող փրկություն:
«Իմ պապը դեռ փոքր երեխա է եղել, երբ սկսվել է Եղեռնը, նա իր մոր հետ Արդահանից ճանապարհ է բռնել դեպի Ախալցխա, նրանք ընտանիքով գաղթել են 3 անգամ՝ 1989, 1915 և 1918 թվականներին, ճանապարհին ունեցել են կորուստներ: Պապս պատմում է, որ թուրքերը, երբ տեսնում էին մեծ թվով հայեր, հարձակվում էին և սպանում բոլորին: Թուրքերից փախչելու ճանապարհին գետում են խեղդվել նրա փոքր եղբայրները, ոմանք ինքնասպանություն են գործել ճանապարհին, որպեսզի չդառնան ծաղրի ու անպատվության զոհը»: 
Գաղթական դարձավ և աշխարհով մեկ սփռվեց ավելի քան 1 000 000 հայ: Ահռելի է եղել կորուստների թիվը, Հայաստանում կոտորվել է 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը: Թալանվել և քանդվել 2350 եկեղեցի ու վանք: Ոչնչացվել 1500 դպրոց ու վարժարան: Իսկ ահա, 1915-1916 թվականներին նահատակվեց մոտ 1 500 000 հայ: 
Հայերս նույնիսկ գաղթելով, մեռնելով` փյունիկի պես վերածնվելով մոխիրներից, պահապանել ենք մեր մշակույթը, հավատքը, ավանդությունները, որոնք պատմվում են և փոխանցվում են սերնդեսերունդ:
«Պապս պատմում է, որ երբ գաղթից հետո տուն էին կառուցում, մի սենյակ էին պատրաստում տան կենտրոնում, որի չորս պատերը շրջապատված էին այլ սենյակներով, հենց այդ սենյակում ամեն երեկո ժողովի էին հավաքվում տեղի գաղթած բոլոր հայերը, որից հետո երգվում էին հայկական երգեր, և երեկոն ողողվում էր հիշողություններով կորած հայրենիքի մասին»:
Ցեղասպանության ականատես լինելով, այսպիսի մեծ կորուստներ տեսնելով, սփռվելով աշխարհով մեկ`մենք շատ հզոր ազգ են, որ հարատևել ենք և դիմացել ենք այս ցավին…