21:28 , 23 ապրիլ, 2013
Ավելին, կարող է մտնել պատմության մեջ որպես նշանակալից հետք թողած անձ
Րաֆֆի Հովհաննիսյանը փետրվարի տասնութից հետո ուներ երեք տարբերակ՝
ա) ջախջախել իշխանություններին և գրավել նախագահի աթոռը,
բ) գնալ արդյունավետ համագործակցության իշխանությունների հետ, այդ կերպ գոնե մասնակիորեն բարեփոխելով իշխանական համակարգը,
գ) արժանանալ համակիրների ծաղրին:
Առաջին տարբերակի հավանականությունը զրոյին մոտ էր, և Ր.Հովհաննիսյանը չփորձեց էլ այն:
Երկրորդ տարբերակը ի դերև ելավ նրա մաքսիմալիստ թիմակիցների շնորհիվ:
Գործեց երրորդը, որի հետևանքը եղավ համակիրների առնվազն կեսի կորուստը:
Հետո Ր.Հովհաննիսյանը նախաձեռնեց Նոր Հայաստան շարժումը: Սա չորրորդ տարբերակն է, որն առ այսօր չի կիրառվել ընդդիմադիր առաջնորդների կողմից:
Հասկանալի է ապրիլի 19-ի նրա ելույթի հեղափոխական պաթոսը, բայց եթե նրա հույսը տարածքային կառույցներ ստեղծելու, սոսկ մարդկանց թվաքանակով հզորացնելու միջոցով համաժողովրդական պայքարի միջոցով իշխանափոխության հասնելն է, ապա դա ինքնին քիչ հավանական ապագա է: Շարժումը պիտի գաղափարական-կառուցվածքայնական շեշտադրում ունենա. այդ դեպքում շարժումը չի մարի և հնարավորություն կառաջանա իրականության էական փոփոխության հասնել նաև առանց կոշտ քաղաքական պայքարի:
Իսկ դրա համար նախևառաջ մտավոր ահռելի աշխատանքի կարիք և անհրաժեշտություն կա, որը ցավոք չի արվել մեզանում: Մասնավորապես,
ա) հարկավոր է հստակեցնել ու շարժման մասնակիցներին առաջին հերթին, և ապա շահագրգիռ հանրությանը, ներկայացնել Նոր Հայաստանի ուրվապատկերը,
բ) այդ Նոր Հայաստանը բխեցնել հայի էությունից ու պատմությունից, որպեսզի կրկին չունենանք չգործող օրենքներ,
գ) գտնել այն հարցի պատասխանը, թե ինչու՞ ձախողվեց Նոր Հայաստան կառուցելու 1990 թվականի մեր երազանքը (երբ ողջ հանրությունն էր համակված այդ գաղափարով) և անհրաժեշտ հետևություններ անել,
դ) իմանալ հանրության իրական պատկերը, գտնել այն շտկելու քայլերի հերթականությունը,
դ) առանց ամպագոռգոռ հայտարարությունների և սպառնալիքների շարժման հետևորդներին դարձնել Նոր Հայաստանի արժեհամակարգի կրողներ,
ե) հանրապետության մարզերում այդ արժեհամակարգի հիման վրա ձևավորել ցրված համայնքներ, որոնք մրցակցության մեջ կմտնեն ներկա խաթարված համակարգի հետ,
զ) և այլն, և այլն (դրանք անձամբ իրեն ներկայացրել եմ տարիներ առաջ իր աշխատասենյակում):
Հանրահավաքների մասնակիցների հետ իմ շփումները թույլ են տալիս ասել, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իր անձի շնորհիվ իր շուրջը համախմբել է արդարությունն իրենց հոգում կրող համակիրների մի նշմարելի շերտ, ովքեր իրենից սպասում ունեն, և պատրաստակամ են աջակցել:
Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում եմ ճիշտ կվարվի, եթե առկա քաղաքական, իրենց ընդդիմադիր կոչող ուժերից ոչ մեկի հետ չհամագործակցի այս նպատակն իրականացնելու ճանապարհին: Այդ ուժերը եթե նոր ասելիք ունենային, ապա ասած կլինեին մինչ այդ: Այդ ուժերը իրենց ամբիցիաներն են դրսևորելու կամ էլ ջանալու են ձուկ որսալ իր նախաձեռնած շարժման ջրերում:
Եթե Րաֆֆի Հովհաննիսյանը ստանձնի այս կարևոր դերակատարությունը և հաջողություն ունենա, ապա նա ոչ միայն կբացառի ոմանց կողմից անհամբերությամբ սպասվող իր բարոյական մահը, այլև կմտնի մեր պատմության մեջ որպես նշանակալից հետք թողած անձ:
Հակառակ պարագայում…