Ներսիկ Նազարյանի «գլխից կբռնե՞ն»


13:30 , 23 ապրիլ, 2013

Ինչ Ներսիկ Նազարյանին պաշտոնանկ են արել, օր օրի ավելի ու ավելի հետաքրքիր տեղեկատվական արտահոսքեր են տեղի ունենում, որոնցից ուրվագծվում են Ներսիկ Նազարյանի ֆինանսական գործունեության ծավալները, ինչպես նաև պաշտոնանկության հավանական պատճառները:
Նախ՝ հաղորդվեց, որ Ներսիկ Նազարյանը հավանաբար այն խարդախներից մեկն է եղել, ով կազմակերպել է ֆինանսական բուրգ, որի փլուզման արդյունքում կազմակերպիչները հարստացել են 1 միլիոն դոլարով, իսկ ներդրողներն այդքանով աղքատացել են:
Երեկ արդեն խոսվում էր այն բանի մասին, որ օգտվելով իր պաշտոնական դիրքից՝ Նազարյանը հատուկ հարկ էր սահմանել Երևանի գիշերային ակումբների, բառերի, կաֆեների և այլ նման հաստատությունների վրա, որպեսզի ոստիկանությունը աչք փակի դրանցում տեղ գտնող պարբերական խախտումների ու անկարգությունների վրա:
Իսկ այսօր արդեն գրում են, որ Ներսիկը հանդիսացել է նաև «Իդեալ» խանութների ցանցի համասեփականատերը, և նրա պաշտոնանկությունից հետո այնտեղ խուճապային տրամադրություններ ու կրճատումներ են սկսվել:
Կարելի է եզրակացնել, որ Ներսիկ Նազարյանի ֆինանսական կայսրությունը քանդում են, այլ հարց է արդեն, թե ինչո՞ւ։ Արդյո՞ք Նազարյանը կդառնա առաջին խոշոր գլուխներից մեկը, որին բռնելու են ընտրություններից հետո, թե՞ սա պարզապես նրա թույլ տված ինչ-որ սխալի հաար հետևած պատժամիջոց է, որի արդյունքում Նազարյանի կայրությունը ամբողջապես կամ մասամբ կանցնի այլ գլուխների:
Մի բան սակայն ակնհայտ է․ Ոստիկանությունը եթե ոչինչ չի էլ շահում Նազարյանի պաշտոնանկությունից, ապա վստահաբար չի էլ կորցնում: