«Վերջին տարիներին որոշակիորեն ակտիվացել են լիբանանյան ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ»


21:10 , 14 դեկտեմբեր, 2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի դեսպան Ժան Մաքարունին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Ժան Մաքարունի գործունեությունը պաշտոնավարման շուրջ չորսուկես տարիներին՝ ընդգծելով, որ նա, որպես բարեկամ երկրի գործուն դեսպան, մեծ ջանք է ներդրել հայ-լիբանանյան հարաբերությունների խորացման գործում:

Նախագահը հույս հայտնելով, որ Հայաստանում Լիբանանի նոր դեսպանը նույնպիսի եռանդով իր ավանդը կներդնի երկկողմ միջպետական հարաբերությունների ակտիվացման գործում:

Սերժ Սարգսյանը կարևորել է հարաբերությունների խորացման ուղղությամբ շարունակական աշխատանքը՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանին և Լիբանանին հաջողվել է ապահովել քաղաքական երկխոսության բարձր մակարդակ, ծավալել փոխշահավետ գործակցություն միջազգային կառույցներում, զարգացնել միջխորհրդարանական, մշակութային, կրթական, գիտական շփումները, հարստացնել իրավապայմանագրային բազան:

Սերժ Սարգսյանը և Ժան Մաքարունն արձանագրել են, որ վերջին տարիներին որոշակիորեն ակտիվացել են լիբանանյան ներդրումները Հայաստանի տնտեսության մեջ:

Նախագահը և դեսպանը մտքեր են փոխանակել նաև մերձավորարևելյան տարածաշրջանի իրավիճակի և զարգացումների շուրջ: