Չորս տարվա վաղեմությամբ սպանությունը բացահայտվեց. ամուսնու սպանությունը պատվիրել էր կինը


11:50 , 14 դեկտեմբեր, 2017

ՀՀ ոստիկանությունը բացահայտվել է Երեւանում 4 տարի առաջ կատարված սպանությունը։ Կասկածյալը բերման է ենթարկվել։ 

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունը: Ըստ այդմ՝ 2013 թ. հունվարի 18-ին՝ ժամը 15.45-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի տղամարդ եւ հայտնել, որ Վաղարշյան փողոցի 24/3 շենքի բնակարաններից մեկում մահացել է կնոջ հայրը:

Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել էր 1949 թ. ծնված Մամիկոն Ասատրյանի դիակը` գլխի բազմաթիվ վնասվածքների հետքերով:

Մ. Ասատրյանի կինը` 1951 թ. ծնված Մանուշակ Մ.-ն, հաղորդում էր տվել, որ հունվարի 17-ի՝ ժամը 15.00-ից հունվարի 18-ի՝ ժամը 15.30-ը բացակայել է բնակարանից եւ վերադառնալով` հայտնաբերել էր ամուսնու դիակը: 

Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով` ոստիկանության քրեական հետախուզության եւ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ըստ նախնական վարկածի, Մամիկոն Ասատրյանին սպանել է Սամվել Ալիխանյանը` Մ. Ասատրյանի կնոջ` Մանուշակ Մ.-ի պատվերով` 20.000 դոլարի դիմաց:

Դեկտեմբերի 12-ին Մանուշակ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության ՔՀԳՎ եւ ձերբակալվել` Մ. Ասատրյանի սպանությունը պատվիրելու եւ կազմակերպելու կասկածանքով:

Սամվել Ալիխանյանն այս տարվա սեպտեմբերին սպանվել էր Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում: 

Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում.