Երուսաղեմի շուրջ ծավալվող զարգացումներում ուշագրավ է հատկապես Իրանի դիրքորոշումը


09:16 , 14 դեկտեմբեր, 2017
Երուսաղեմի շուրջ ծավալվող զարգացումներում ուշագրավ է հատկապես Իրանի դիրքորոշումը։ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի հայտարարությունն առաջին հայացքից տրամաբանորեն պետք է լրջորեն անհանգստացներ հենց պաշտոնական Թեհրանին, քանի որ Իրանն այն բացառիկ պետություններից է, որն Իսրայել պետության և հրեության հարցում հանդես է գալիս ամենաարմատական դիրքերից՝ չճանաչելով առհասարակ Իսրայել պետության գոյությունը։ Սակայն փաստն այն է, որ, ի տարբերություն Թուրքիայի, իրանական կողմն առայժմ սահմանափակվում է բավական զուսպ, զգուշավոր և ոչ այնքան աղաղակող հայտարարություններով։ Ստամբուլում կայացած Իսլամական կոնֆերանս կազմակերպության երկրների արտակարգ գագաթնաժողովին նույնպես իրանական կողմը սահմանափակվել է Թրամփի հայտարարության առնչությամբ արաբական-մուսուլմանական երկրների դիրքորոշմանն իր աջակցությունը հայտնելու հայտարարությամբ։