Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռումինիայի դեսպան Սորին Վասիլեին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-ռումինական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ ներդրած ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը մշտապես կարևորել է Ռումինիայի հետ համագործակցության և հարաբերությունների խորացումը՝ հիմնված երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամության վրա:
Սերժ Սարգսյանն արձանագրել է, որ վերջին տարիներին Հայաստանի և Ռումինիայի միջև նկատելիորեն բարձրացել է քաղաքական հարցերի շուրջ փոխըմբռնման մակարդակը, ինչը, նրա համոզմամբ, կարևոր է հարաբերությունների հետագա խորացման ու ամրապնդման տեսանկյունից։
Նախագահը շնորհակալություն է հայտնել ռումին ժողովրդին և երկրի իշխանություններին՝ ռումինահայ համայնքի, ինչպես նաև Ռումինիայում հայկական պատմամշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:
Դեսպանն իր համար մեծ պատիվ է համարել Հայաստանում պաշտոնավարելը՝ նշելով, որ այդ ընթացքում ձեռք է բերել բազմաթիվ ընկերներ, ավելի մեծ փորձառություն և գիտելիքներ հազարամյակների պատմություն ունեցող Հայաստանի ու հայ ժողովրդի մասին:
Ռումինիայի դեսպանը վստահեցրել է, որ Հայաստանից հեռանում է շատ լավ տպավորություններով և կշարունակի մնալ հայ ժողովրդի ու Հայաստանի բարեկամը: