Ամենամեծ երաժշտական գործիքը պատմության մեջ, որն օգտագործվում է մինչ այսօր


22:45 , 7 դեկտեմբեր, 2017

Երգեհոնն աշխարհում ամենահին երաժշտական գոծիքներից մեկն է: Սրա հնագույն նախատիպերը գոյություն են ունեցել դեռևս Հին Միջագետքում: Երգեհոնին չափազանց նման երաժշտական գործիքներ գոյություն են ունեցել նաև Հին Եգիպտոսում, Հունաստանում և Հռոմում, սակայն ժամանակակից երգեհոնի նախատիպը գալիս է միջնադարից:

Երգեհոններ կառուցելու արվեստն այն ժամանակ խիստ տարածում էր գտել Իտալիայում, Ֆրանսիայում և Գերմանիայում: Երաժշտական գործիքը գնալով մեծանում էր չափսերով, այդ իսկ պատճառով դրանք սկսեցին տեղադրել եկեղեցիներում, իսկ նվագում էին միաժամանակ մի քանի մարդիկ: Պատկերացնել կարելի է, թե միջնադարյան ունկնդիրն ինչ զգացողություններ է ունեցել երգեհոնի ձայնը լսելիս. ամենայն հավանականությամբ, երաժշտությունը թափանցել է նրա մարմնի և մտքի մեջ, ստիպել է փշաքաղվել: Անգամ ոչ շատ խոշոր երգեհոնը հիացնում է իր արձակած ձայնով, սակայն նախկինում թագավորներին հատկապես հետաքրքրում էին հսկայական երգեհոնները, որոնք տեղադրվում էին համերգասրահներում:

Աշխարհում ամենամեծ երգեհոնը գտնվում է Նյու Ջերսիում՝ Ատլանտիկ-Սիթիի Բորդուտոկ սրահում: 1932 թ. ստեղծված այս երգոհոնը կազմված է 33 112 խողովակներից և ռեկորդակիր է համարվում միանգամից մի քանի անվանակարգերում՝ «ամենամեծ երգեհոնը», «աշխարհում ամենամեծ երաժշտական գործիքը» և «աշխարհում ամենաբարձր ձայն արձակող երաժշտական գործիքը»: Եվ այս շնորհները լիովին արդարացված են. նրա խողովակներից 1 մ հեռավորության վրա ձայն բարձրությունը հասնում է 120 դԲ-ի, որը բավական է, որպեսզի ունկնդիրը ցավ զգա ականջներում: Րոպեում 1050 կուբամետր արագությամբ օդը խողովակներում մղելու համար երգեհոնում ներկառուցված է էլեկտրական համակարգ՝ 600 ձիաուժ հզորությամբ: Այսպիսի բարձր ձայնը բավական է նրա համար, որ համերգասրահում 42 000 մարդու համար պարզ լսելի լինի երաժշտությունը:

Ցավոք, աշխարհում ամենամեծ երգեհոնն այնքան հաճախ չի օգտագործվում, ինչքան կցանկանար հանդիսատեսը: Համերգների ժամանակ այն ակտիվորեն օգտագործվում էր մինչև 1944 թվականը, երբ Ատլանտիկ-Սիթիին հարվածեց ավերիչ փոթորիկը՝ մեծ վնասներ հասցնելով համերգասրահին և հենց երգեհոնին: Աղետից հետո երգեհոնը վերանորոգվեց և սկսվեց գործածվել տարեկան մի քանի անգամ ընդամենը: Վերջին անգամ հանրության համար այն օգտագրծվել է 1973 թ., որից հետո երգեհոնը երկար ժամանակով կոնսերվացվեց:

1988 թ. մասնագետները կրկին ուսումնասիրեցին գործիքը և հայտնեցին, որ այն գտնվում է տեխնիկական վատ վիճակում, որից հետո սկսվեց դրա վերականգնման երկարատև ժամանակաշրջանը: Միայն 2013 թ.՝ երկարաժամկետ լռությունից հետո, երգեհոնի խողովակները սկսեցին նվագել հանդիսատեսի համար: Չնայած դրան՝ երաժշտական գործիքի վերանորոգումը շարունակվում է առ այսօր: