«Վերջին համբույր». գանգսթերներ Բոննիի ու Քլայդի վերջին լուսանկարը՝ ոստիկանների կրակոցներից սպանվելուց ժամեր առաջ


20:30 , 7 դեկտեմբեր, 2017

Օրերս համացանցում հրապարակվել է հանրահայտ գանգսթերներ Բոննիի ու Քլայդի վերջին լուսանկարը, որն արվել է զույգի սպանությունից մի քանի ժամ առաջ։ Նկարում կարելի է տեսնել, թե ինչպես է զույգը համբուրվում, ինչը կրկին փաստում է այն մասին, որ նրանց միավորող հանգամանքը ոչ միայն հանցավոր գործունեությունն էր, այլև՝ իսկական սերը։

Բոննին ու Քլայդը հանդիպել են 1930 թվականին, Տեխաս նահանգում, և իրենց համատեղ կյանքի ընթացքում 13 մարդ են սպանել ու մի շարք բանտեր ու խանութներ թալանել։

Նրանց հանցավոր արշավը սկսվել է 1932 թվականին և շարունակվել մոտ 2 տարի։ Այդ երկու տարվա ընթացքում զույգն իր հանցակիցների հետ միասին թալանել է փոքր ձեռներեցներին ու բանկերին՝ սպանելով բոլոր նրանց, ովքեր կանգնել են նրանց ճանապարհին։

Ոստիկանների հետապնդումից բազմիցս խույս տված զույգը, որը հայտնի էր դարձել Մեծ դեպրեսիայի տարիներին, թակարդն է ընկել 1934 թվականին, Լուիզիանա նահանգի 54-րդ մայրուղում։ Ոստիկանները չափազանց վտանգավոր զույգի մեքենայի վրա 107 գնդակ են արձակել 2 րոպեից էլ քիչ ժամանակում, ինչի հետևանքով էլ սիրահարները տեղում մահացել են։