էշ մի սատկի, գարուն կգա


13:34 , 7 դեկտեմբեր, 2017

Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում արտաբերել է հետևյալ միտքը. «Թանկացումները չեն ազդի աղքատների վրա, որոնք, միևնույն է, գումար չունեն ինչ-որ բան գնելու»։ Ինչպես ասում են, շախ և մատ է արել հանրապետության բնակչության կեսից շատին։

Սա այլ բան, քան ցինիզմ, որակել չի կարելի։ Հանրապետականներին, առհասարակ, սա հատուկ ոճ է։ Մի երկրում, որտեղ, պաշտոնական թվերով, աղքատությունը հասնում է 30 տոկոսի, պաշտոնյաներն այսպիսի հայտարարություններ անելու իրավունք ուղղակի չունեն։ Թանկացումներն, ինչպես տեսնում ենք, այս և եկող տարի արդեն անխուսափելի են։ Ավելին՝ կառավարության հռետորաբանությունից գնալով պարզ է դառնում, որ 2018 թվականի գոնե առաջին վեցամսյակում բնակչության կենսապայմանները լավացնելու և ոչ մի հեռանկար չի երևում։ Այն մասին, որ չէին բարձրանալու աշխատավարձերը, թոշակներն ու նպաստները, խոսել էր դեռ Կարեն Կարապետյանը, երբ նոր էր նշանակվել հանրապետության վարչապետ։ Այսինքն՝ այս ամենի հետ մեկտեղ պետք է գոնե հանրությանը դեպրեսիայի մեջ չգցել, ոչ թե հայտարարել, թե գիտեք՝ ինչ կա, մեկ է, փող չունեք, ու ձեզ վրա չի ազդելու։ Իսկ կներեք, պարոն Հակոբյան, բա ո՞ւմ վրա է ազդելու։ Ձեր և ձեր իշխանության նեղ շրջանակաների վրա՞։ Թեպետ և շատ հնարավոր է, որ, ասենք, այս անգամ Նոր տարին Բալիում կամ Մալդիվյան կղզիներում անելու փոխարեն անեք համեստ Դուբայում։ Իսկ թե ինչպես են իրենց Նոր տարին նշելու Հայաստանի Հանրապետության՝ հազարավոր պարտքեր ունեցող շարքային քաղաքացիները, գիտի միայն Աստված։