«Հայկական ժամանակ». Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության շենքը հնարավոր է վաճառվի. գնորդներ արդեն կան


09:00 , 7 դեկտեմբեր, 2017
«ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության ու տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի շենքը առաջիկայում հնարավոր է վաճառվի:
 
«ՀԺ»-ի տեղեկություններով՝ շենք գնելու հետաքրքրություն են ցուցաբերել «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանն ու ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:
 
Վերջիններս քավոր-սանիկական հարաբերություններ ունեն և համատեղ բիզնես պլան են մշակել: Երևանի Մհեր Մկրտչյան փողոցի 8 հարկանի շենքը ցանկանում են վերածել հյուրանոցի:
 
Այս օրերին գնորդների ներկայացուցիչները շենքի առաստաղի բարձրությունն են չափում և այլ ուսումնասիրություններ իրականացնում: Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կարող է տեղափոխվել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան: Վարչական շրջանում անբարեկարգ մի շենք կա, որը նախատեսել են նախարարության համար:
 
Տեղեկությունը փորձեցինք ստուգել պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանից, որը լսելով հարցն ասաց. «Ձեր ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Այն տեղեկությունը, որը դուք փոխանցեցիք այս պահին իրականությանը չի համապատասխանում:
 
Եթե նման բան տեղի ունենա, մենք անմիջապես կիրազեկենք մեր լրատվամիջոցներին, անհոգ եղեք, առավել ևս, որ նման գործընթացներն իրականացվում են կառավարության որոշման համաձայն»:
 
Դիտարկմանը, թե մեր նշած լուրն այս պահին չի համապատասխանում իրականությանը, նշանակո՞ւմ է, արդյոք, որ չի բացառվում հաջորդ պահին համապատասխանի,  պետական գույքի կառավարման վարչության պետն արձագանքեց. «Ես երբևիցե ոչինչ չեմ բացառում, դրա համար ասում եմ, որ դեռևս նման բան գոյություն չունի»:
 
Նշենք, որ բացի ՏՄՄՊՀ-ից և նախարարությունից նույն շենքում է տեղակայված «Նասդաք օէմէքս Արմենիա» ԲԲԸ-ն»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: