Թրամփի որոշումը Երուսաղեմի հարցով` նոր ինթիֆադայի մեկնարկ


04:00 , 7 դեկտեմբեր, 2017

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք ու Թել Ավիվից այնտեղ տեղափոխել ԱՄՆ-ի դեսպանատունը։
Ինչպես գիտենք, արաբա-իսրայելական կարգավորման կենտրոնական հարցերից մեկը Երուսաղեմի կարգավիճակն է․ այդ քաղաքը սուրբ է ինչպես քրիստոնյաների, այնպես էլ հրեաների ու մահմեդականների համար։ Երուսաղեմի նկատմամբ հավակնություններ ունի Պաղեստինը։

ԱՄՆ-ի այդ որոշումն արդեն իսկ դժգոհությունների մեծ ալիք է բարձրացրել մահմեդական աշխարհում, Իսրայելի հարևան իսլամական երկրներում, ինչպես նաև բուն պաղեստինյան տարածքում`Արևմտյան ափում ու Գազայի հատվածում։

Թրամփն իր որոշմամբ կարող է միավորել արաբական, մահմեդական աշխարհն ընդդեմ Իսրայելի։ Արաբական փողոցը ստիպելու է իր կառավարություններին ավելի խիստ դիրքորոշում որդեգրել Իսրայելի նկատմամբ, հնարավոր է անգամ խզել տնտեսական կապերը, պայմանագրերը, իսկ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ` Իսրայելի հետ միասին հակաիրանական ճակատի ստեղծումը կարող է խափանվել․ իսլամական երկրներում այլևս ընդունելի չի լինի համագործակցել անգամ կուլիսներում, Իսրայելի հետ, քանի որ առաջ է եկել մահմեդականների համար սուրբ քաղաք համարվող Երուսաղեմի հարցը։

Դժվար թե մահմեդական, Իսրայելի հարևան արաբական երկրները ռազմական գործողություններ սկսեն հրեական պետության դեմ․ Իսրայելը միջուկային պետություն է, ԱՄՆ-ի թիվ մեկ դաշնակիցներից մեկը, ունի հզոր բանակ ու հատուկ ծառայություններ։ Հնարավոր է, որ հարևանները սահմանափակվեն հակահրեական, հակաիսրայելական հռետորաբանությամբ, սակայն, օրինակ, Իրանը, որն Իսրայելին դիտարկում է որպես թիվ մեկ հակառակորդ, օգտվի ԱՄՆ-ի քայլից ու փորձի միավորել մահմեդական աշխարհը հակաիսրայելական դրոշի ներքո` ստանալով դիվիդենտների իր չափաբաժինը։

Թեհրանը կարող է ոտքի հանել առանց այն էլ դժգոհությունների լիցք կրող պաղեստինցերին` Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի օգնությամբ նոր «ինթիֆադա» սկսի Իսրայելի դեմ, իսկ Հզբոլահն ու Հոլաններում շիական ուժերը Իսրայելի համար ռազմական նոր ճակատ բացեն։ Եվս մեկ ճակատ կարող է Իսրայելի համար բացվել Սինայի թերակղզուց իսլամիստական ուժերի ու տարբեր խմբավորումների կողմից։