«Ես չգիտեմ՝ ինչպես է ստացվում, երբ մարդ չի լինում ուշադրության կենտրոնում». Մարիա Չանդիրյանը՝ «Outdance» սիթքոմի ու ոչ ստանդարտ արտաքինի մասին


15:30 , 5 դեկտեմբեր, 2017

Մարիա Չանդիրյանին շատերը ճանաչում են որպես պարուհու: Ոչ ստանդարտ արտաքինով հայուհին նկարահանվել է մի շարք տեսահոլովակներում: Մարիան, այնքան էլ չհեռանալով իր հիմնական մասնագիտությունից, հիմա հանդես է գալիս նաև որպես դերասանուհի՝ նկարահանվելով «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Outdance» պարային սիթքոմում: Վերջերս  BlogNews.am-ը ներկա էր նկարահանման հրապարակում ու պարուհի-դերասանուհու հետ զրուցել է դերասանական առաջին փորձի, նկարահանման բարդությունների ու հետաքրքրությունների մասին:

11 տարի պրոֆեսիոնալ պարով զբաղվող Մարիան «Outdance» սիթքոմին միացել է երկրորդ եթերաշրջանից, ընդ որում՝ ոչ միայն որպես դերասանուհի է հանդես գալիս, այլ նաև բեմադրում է սիթքոմի բոլոր պարային համարները. «Երբ ստացա առաջարկը, միանգամից համաձայնեցի, չնայած փոքր-ինչ վախ կար, որ ոճը մեկը չէ, ու պետք է անընդհատ աշխատել բոլոր ոճերով՝ տարբերվող ու հետաքրքիր բեմադրություններ ներկայացնելու համար: Կարծում եմ՝ կարողացա հաղթահարել: Ինձ համար այս պրոցեսն այնքանով է հետաքրքիր, որ ստեղծագործում եմ և՛ backstage, և՛ onstage: Այս միաբանությունից անասելի հաճույք եմ ստանում: Արագ եմ ինտեգրվել միջավայրին: Նկարահանումներն անցնում են շատ թեթև ու հումորային մթնոլորտում: Եթե երկու օր իրար չենք տեսնում, հասկանում ենք, որ արդեն կարոտել ենք իրար»:

IMG (16) copyIMG (17) copyՄարիան լավ է գնահատում նաև իր դերասանական խաղը: Ասում է՝ տեսախցիկներն իրեն չեն կաշկանդում, իսկ կերպարն այնքան մոտ է իր տեսակին, որ բարդություններ առանձնապես չեն լինում. «Կան տաղանդավոր մարդիկ և կան աշխատասեր մարդիկ: Եթե դու հավատում ես քո ուժերին ու անդադար աշխատում ես, բացառվում է չստացվելու հավանականությունը: Իմ դեպքում այդպես է: Արիանան միամիտ ու բարի աղջիկ է, չի ուզում ոչ մեկին վատություն անել, բայց միշտ հակառակն է ստացվում: Շրջակայքում ամեն ինչ ջարդուփշուր է անում, բայց ոչ դիտավորությամբ: Նա ուղղակի կերպար է, ու ես գժվում եմ իր համար: Մեկ-մեկ անգամ սովորում եմ Արիանայից»:

IMG (14) copyIMG (47) copyԽոսելով մարդկանց արձագանքի մասին՝ Մարիան ասում է, որ մինչ սիթքոմն էլ իրեն ճանաչում էին փողոցում ու հետաքիքրի մոտեցում ցուցաբերում իր անսովոր արտաքինին. «Նախկինում ասում էին՝ վա՜յ, էն պարող չինացի աղջիկը: Հիմա էլ փոքր երեխաները վազելով գալիս են մոտ ու ասում. «Ա՜, Արիանան։ Ոչ մի բան չես ջարդի, չէ՞»: Ընկալման հետ կապված մի քիչ խնդիր կա, չեն հասկանում, որ կերպարը քո հետ կապ չունի, բայց ես, միևնույն է, չեմ նեղվում դրանից: Հաճելի է ամեն դեպքում»:

Հարցին՝ օգնում, թե խանգարում է անսովոր արտաքին ունենալը, Մարիան պատասխանեց. «Ինչ ծնվել եմ, այսպիսին եմ ու սովոր եմ արդեն: Ես չգիտեմ՝ ինչպես է ստացվում, երբ մարդ չի լինում ուշադրության կենտրոնում: Իմ արտաքինը ո՛չ խանգարում է, ո՛չ օգնում: Եթե լինես տարբերվող արտաքինով, բայց չունենաս բովանդակություն, քեզ ոչ ոք չի նկատի»,- եզրափակեց պարուհին:

IMG (12) copyIMG (10) copy
Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի