Շոշափելի արդյունքներ չպետք է սպասել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումից


09:29 , 5 դեկտեմբեր, 2017
Շոշափելի արդյունքներ չպետք է սպասել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների՝ Վիեննայում դեկտեմբերի 6-ին նախատեսվող հանդիպումից։ Դա, ըստ էության, կլինի հերթական հանդիպումն այն հանդիպումների շարքում, որոնք թեև էական նշանակություն ունեն զուտ բանակցային գործընթացի շարունակությունը պահպանելու առումով, սակայն որևէ լուրջ դրական արդյունքներ չեն տվել թե՛ բանակցային գործընթացի առաջընթացին, թե՛ հակամարտության կարգավորմանն առհասարակ։ Ակնկալիքներ չկան արտգործնախարարների հերթական հանդիպումից նախ այն պատճառով, որ հանդիպմանը նախորդած ժամանակահատվածում կողմերի միջև քաղաքական լարվածությունը ոչ միայն չի թուլացել, այլև է՛լ ավելի է շեշտադրվել նրանց ռազմաքաղաքական բաղադրիչը, դրա հնարավորությունները։ 
Այսպես՝ նոյեմբերի 16-20-ին տեղի ունեցան Ադրբեջանի զինված ուժերի, այդ թվում՝ Նախիջևանի առանձին համազորային բանակի խոշորածավալ զորավարժություններ: Նոյեմբերի 28-30 ընկած ժամանակահատվածում վարժանքներ անցկացվեցին Ադրբեջանի ՊՆ բարձրագույն ռազմական դպրոցի ավարտական՝ 4-րդ կուրսի կուրսանտների մասնակցությամբ, ինչպես նաև ընթացան մոտոհրաձգային գումարտակների մակարդակով զորախաղերը։ Իսկ արդեն դեկտեմբերի 1-ից այդ երկրի ԶՈւ-ի տանկային բոլոր ստորաբաժանումները մասնակցում էին մարտական կրակով զորավարժանքներին: 
Հայկական կողմն իր հերթին դեկտեմբերի 2-ին ՀՀ ԶՈւ և ՊԲ խոշոր զորախմբի ներգրավմամբ Արցախի հարավ-արևելքում անցկացրեց զորավարժություն, որն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ։ 
Ավելին՝ դեկտեմբերի 5-7-ին Բաքվում նախատեսվում է անցկացնել «Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմական երկխոսության» 10-րդ նիստը, և թերևս մեծ դժվարություն չէ գուշակել քննարկվող թեմաների շրջանակներն ու նպատակները։